Դեկտեմբերի 3-ին՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո, Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար, հայտնում է նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպմանն ու ասուլիսին արած հայտարարություններին, ինչպես նաև ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին՝ Արցախի ղեկավարը պարզաբանել է. «Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն առաջարկները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր»:
Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր, շարունակել է ներկայացնել Արայիկ Հարությունյանը, և ըստ նրա՝ դրանից հետո են բնապահպան ներկայացող ադրբեջանցիները սկսել ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը:
«Հուսով ենք՝ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը: Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ արցախյան իշխանությունները այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում», - գրել է նա:
Մոսկվայում այսօր է կայացել Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Առանց հայկական կողմի մասնակցության հանդիպմանը Բայրամովը կրկնեց այն, ինչ Բաքուն հայտարարում է արդեեն 12 օր՝ «Լաչինի միջանցքը շրջափակված չէ», հումանիտար ճգնաժամի մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։
Տեղում կանգնած ցուցարարներն ու Ադրբեջանի անվտանգության ուժերի աշխատակիցները, Բայրամովի խոսքերով, «որևէ մեկին վտանգ չեն սպառնում»: