Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետի՝ ՄԻԵԴ-ի որոշումից բխում է, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը


Ադրբեջանն իր մարդկանց պետք է հեռացնի Լաչինի միջանցքից, վերականգնի ազատ տեղաշարժը, Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հենց սա է բխում։

«ՄԻԵԴ-ն ակնարկում է, որ մենք գիտենք, որ ճանապարհը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, ընդհանուր առմամբ, բայց մենք նաև գիտենք որ Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, այնտեղ մասնավոր անձանց կողմից ճանապարհը փակվել է, որի համար պատասխանատու է Ադրբեջանը, հետևաբար որոշման բուն էությունն է, որ Ադրբեջանը պետք է ապահովի էդ ճանապարհը բացելը», - ասաց Արա Ղազարյանը։

Երեկ երեկոյան Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ Ստրասբուրգի դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ։

Մեքենաները մնացել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, 13-ը դեկտեմբերի, 2022թ․
Մեքենաները մնացել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, 13-ը դեկտեմբերի, 2022թ․

Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ բուժօգնության կարիք ունեցողների, ճանապարհներին առանց ապաստանի մնացածների կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց համար։

Ըստ Արա Ղազարյանի՝ ենթադրվում է Հայաստանից Ստրասբուրգ ուղարկված գանգատները հենց այս մարդկանցից են։

«Սկսած կյանքի իրավունքից՝ ռեանիմացիայում գտնվող հիվանդը, որին պետք է տեղափոխել Հայաստան, վերջացրած սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներ», - ասաց Միջազգային իրավունքի մասնագետը։

Ադրբեջանը, սակայն, միայնակ ռեկորդակիր է Ստրասբուրգի վճիռները չկատարելու հարցում։ Արա Ղազարյանը կարծում է՝ վաղը չէ, մյուսը օրը Ադրբեջանը կբացի միջանցքը, Եվրոպական դատարանի որոշումն, ասում է՝ ՄԱԿ-ի քննարկում չէ, պարտադիր է։

«Հայաստանը ուշի-ուշով հետևելու է, եթե նրանք նորից սկսեն ձգձգել, արդեն դիմելու են Նախարարների կոմիտե, սա արդեն քաղաքական մարմին է, քաղաքական մարմինը սկսելու է երկխոսություն Ադրբեջանի հետ, որին հետևելու է արդենք քաղաքական սանկցիա՝ Եվրոպայի խորհրդի», - նշեց Միջազգային իրավունքի մասնագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG