ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը կառուցողական է բնութագրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը։
«Քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, ինչպես նաև կայունության պահպանման և ԵՄ՝ տարածաշրջանում ներկայության կարևորությունը, հաշվի առնելով հատկապես Հայաստանում ԵՄ առաքելության (EUMCAP) գործունեության ավարտը», Թվիթերում գրել է Բորելը։
Երեկ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Բորելն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»:
Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի, Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»:
Բորելն էլ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: