Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ


Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության (ԵՄ) ղեկավար կառույցներին անհատական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ամենահարուստ գործարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։

Եվրոպական խորհրդարանում Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող բանաձևը, քվեների 430 կողմ 52 դեմ հարաբերակցությամբ, հաստատվեց չորեքշաբթի երեկոյան։

Քվեարկությանը նախորդած քննարկման ընթացքում Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում էին, որ Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Վրաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, դատական համակարգը անկախ չէ, առկա են քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձինք, որոնցից ամենահայտնին, իհարկե, Միխեիլ Սաակաշվիլին է։

Նախկին նախագահին ազատ արձակելու պահանջը տեղ է գտել այն նույն՝ վեցերորդ լրացման տեքստում, որտեղ նաև Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժետության մասին է հիշատակվում։

Վրաստանի իշխող կուսակցության արձագանքն այս փաստաթղթի հաստատմանը գրեթե ակնթարթային էր և ավելի քան կոշտ։

«Եթե Վրաստանին ԵՄ թեկնածու պետության կարգավիճակի շնորհումը կախված է կոնկրետ քրեական գործի ընթացքից, այդ դեպքում ի՞նչ կարիք կար մեզ 12 կետից բաղկացած և պարտադիր կատարման ենթակա նախապայմանների ցանկ ներկայացնել։ Ընդհանրապես, վերջին օրերին մենք զարմանալի հայտարարություններ ենք լսում։ Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը նույնիսկ հայտարարեց, թե Վրաստանին՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումն ուղղակիորեն կախված է այս հարցի հանգուցալուծումից։ Կներեք, բայց եթե մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսինն է, ապա [եվրոպացիները] կարող են իրենց պահել այդ որևէ նշանակություն չունեցող կարգավիճակը», - Եվրախորհրդարանի բանաձևի հաստատումից անմիջապես հետո հայտարարում էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձե
Կախա Կալաձե

«Կալաձեի պատասխանը միանգամայն համարժեք էր, անհամարժեքը Բրուսելից հնչող հայտարարություններն են», - երեկ պնդում էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ չդիմանալով նաև այս օրերին Եվրախորհրդարանում ծագած կոռուպցիոն սկանդալը շահարկելու գայթակղությանը։

«Կոռուպցիան Եվրախորհրդարանում լուրջ խնդիր է դարձել։ Այդ մարդիկ քաղաքական շարժառիթներով են առաջնորդվում, և քաղաքական շահն է, որ ստիպում է նրանց մի կողմից Սաակաշվիլիի ազատ արձակում պահանջել, մյուս կողմից բարերար Բիձինա Իվանիշվիլիին պատժելու կոչեր հնչեցնել։ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ էլ անձնական պատասխանատվություն են զգում Սաակաշվիլիի առջև, քանի որ հենց նրանք էին, որ դրդեցին նախկին նախագահին վերադառնալ Վրաստան», - պնդում էր իշխող կուսակցության ղեկավարը՝ եվրոպացի պատգամավորների կոնկրետ անուններ չհնչեցնելով։

Իրակլի Կոբախիձե
Իրակլի Կոբախիձե

Եվրախորհրդարանի անդամները երեկ նաև խնդրանքով էին դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ կոչ անելով նրան օգտվել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններից և ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային։ Զուրաբիշվիլին, սակայն, նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ գոնե Սաակաշվիլիին ներում շնորհելու որևէ ցանկություն չունի։

Սալոմե Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլի

Ինքը՝ Բրյուսելի և Թբիլիսիի բանավեճի գլխավոր հերոս, պատժաչափը Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում կրող Միխեիլ Սաակաշվիլին, հերթական անգամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց չորեքշաբթի երեկոյան, երբ հացադուլ հայտարարեց, մի քանի ժամ անց էլ դադարեցրեց այն՝ պնդելով, թե դա անում է Եվրախորհրդարանի անդամների հորդորով։

Այս անգամ Սաակաշվիլին բողոքում էր, որ Արդարադատության նախարարությունն իրեն հնարավորություն չի ընձեռում դատական նիստերին մասնակցել հեռավար կարգով՝ հիվանդասենյակից։ Սրան ի պատասխան՝ նախարարությունն ուշ երեկոյան հրապարակեց Սաակաշվիլի հիվանդասենյակում տեղադրված տեսախցիկների կադրերը՝ նախկին նախագահին հիվանդության ախտանշանները կեղծելու՝ պարզ ասած սիմուլյացիայի մեջ մեղադրելով։

Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում, 13-ը դեկտեմբերի, 2022թ․
Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում, 13-ը դեկտեմբերի, 2022թ․

Մոնտաժված այս տեսանյութում Սաակաշվիլին ծխում է՝ ենթադրաբար էլեկտրոնային գլանակ, ինչպես նաև կոպտում է բժիշկներին։ Սաակաշվիլիի փաստաբանները հայտարարում են, որ տեսանյութի հրապարակման առթիվ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի դեմ պաշտոնական բողոք են ներկայացնելու։

«Առանց Սաակաշվիլիի թույլտվության նման կադրեր տարածելն օրենքի կոպիտ խախտում է և դա ոչ միայն վարչական այլև քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այդ իսկ պատճառով՝ մենք դիմում են քննչական մարմիններին՝ հետաքննություն սկսելու խնդրանքով», - այսօր հայտարարում էր նախկին նախագահի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG