Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինային Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ տրամադրելուն. Politico


«Հանձնաժողովը չի մոռանում, որ Ուկրաինան Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ մարդիկ զոհվել են ԵՄ դրոշները ծածանելու համար»

Եվրոպական հանձնաժողովը կողմ է Ուկրաինային Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ տրամադրելուն, այս մասին հայտնում է Politico պարբերականը` վկայակոչելով հարցի շուրջ նախօրեին Բրյուսելում կայացած քննարկումներին ծանոթ մի խումբ պաշտոնյաների։

«Հանձնաժողովը չի մոռանում, որ Ուկրաինան Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ մարդիկ զոհվել են, որտեղ մարդկանց սպանել են փողոցներում Եվրամիության դրոշները ծածանելու համար։ Հիմա մենք չենք կարող նրանց ասել՝ դուք սխալ դրոշ եք ծածանել»,- եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Politico-ն։

Ուկրաինային թեկնածության կարգավիճակ տրամադրելու համար Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը Ուկրաինայի անդամակցության ճանապարհին ընդամենը առաջին քայլն է։ Դաշինքի անդամները հարցը պատրաստվում են քննարկել հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին։ Եվրոպական ընտանիքում Ուկրաինային ընդունելու առաջարկին պետք է հավանություն տան դաշինքի անդամ բոլոր 27 անդամները, որից հետո Կիևից կպահանջվի երկար ու բարդ ճանապարհ՝ նախ և առաջ բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։

Ֆինլանդիան, օրինակ, այդ ճանապարհն անցել է ընդամենը երեք տարում, մինչդեռ Թուրքիան բանակցությունները սկսել է 2005 թվականին, բայց անդամակցության հեռանկար այսօր էլ չի ուրվագծվում: Տարիներ ի վեր դաշինքի անդամ երկրի պաշտոնական թեկնածուներ են նաև բալկանյան մի շարք պետություններ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Սերբիան, Չեռնոգորիան, որոնց առաջ ևս Բրյուսելը չի շտապում իր դռները բացել` պատճառաբանելով բարեփոխումների հարցում անհրաժեշտ առաջընթացի բացակայությունը։

Ըստ Զելենսկիի` այն, որ Ուկրաինան դուրս է Եվրամիությունից, աշխատում է հենց Եվրոպայի դեմ

Մինչ այդ Ուկրաինան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» 2021 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, Եվրոպայում երկրորդ ամենակոռումպացված երկիրն է, առաջինը Ռուսաստանն է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կարծիքով` իր երկրի մերձեցումը եվրոպական դաշինքին կամրապնդի ոչ միայն Ուկրաինան, այլև ողջ Եվրամիությունը։ Զելենսկին պնդում է՝ փաստը, որ Ուկրաինան դուրս է Եվրամիությունից, աշխատում է հենց Եվրոպայի դեմ:

Մոլդովայի և Վրաստանի հարցում Բրյուսելում չեն շտապում որոշումներ ընդունել. Politico

Եվրամիության 28-րդ անդամը դառնալու մասին հայտը Կիևը պաշտոնապես ներկայացրել է ռուսական ներխուժումից անմիջապես հետո։ Ուկրաինայի օրինակին են հետևել նաև Վրաստանն ու Մոլդովան, որոնք նույնպես իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում և ավելի քան մեկ տասնամյակ է` փորձում են բարեփոխումներով փաստել իրենց ձգտումները՝ դրա դիմաց ստանալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր, առանց վիզայի ռեժիմ, ազատ առևտրի հնարավորություն։

Politico-ի աղբյուրների համաձայն` ի տարբերություն Ուկրաինայի` Մոլդովայի և Վրաստանի հարցում Բրյուսելում չեն շտապում որոշումներ ընդունել։ Ինչպես նշել է թերթի զրուցակիցը, Եվրամիության պաշտոնյաները վստահ չեն հատկապես Վրաստանի հարցում, նշելով, որ այդ երկիրը վերջին տարիներին տառապում է համատարած քաղաքական անկարգություններով, որտեղ նկատվում է ժողովրդավարական էական հետընթաց։ Այդ կարծիքները տեղ են գտել նաև Միության օրենսդիր մարմնում անցած շաբաթ ընդունված հատուկ բանաձևում։ Եվրախորհրդարանը դրանում կոշտ քննադատություն է հնչեցրել Թբիլիսիի հասցեին՝ դատական համակարգում, լրատվամիջոցների ազատության ապահովմանն ուղղված ոչ բավարար բարեփոխումների, իշխող ուժի փաստացի առաջնորդ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի պահպանվող քաղաքական ազդեցության, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկության համար։

Թբիլիսիի արձագանքը. «Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ»

Վրաստանում Բրյուսելի գնահատականներն անպաստախան չթողեցին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախ հայտարարեց, թե Բրյուսելից «արդար որոշման» է սպասում Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում, ապա պնդեց՝ եթե որևէ մեկին հասնում է թեկնածուի կարգավիճակ, ապա դա Վրաստանն է, հետո միայն Ուկրաինան ու Մոլդովան։

«Երբ ասում են` Ուկրաինան պատերազմական վիճակում է և դրա համար պետք է կարգավիճակ ստանա, ես ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի շնորհումը պատերազմով է որոշվում, ուրեմն մենք պատերազմ չենք ուզում, ընկերնե՛ր։ Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ, որը վրաց ժողովուրդը վաստակել է ավելի քան 30 տարվա պայքարի և ժողովրդավարության կառուցման և վերջին 9 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ»,- հայտարարել էր վարչապետ Ղարիբաշվիլին։

Կիևը կրկին մեղադրեց Թբիլիսիին

Վրաստանի կառավարության ղեկավարի այդ պնդումները պաշտոնական Կիևին ակնհայտորեն դուր չեկան։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը վերջին ամիսներին ջանք չի խնայում երբեմնի բարեկամ Թբիլիսիի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու գործում, հերթական առիթը բաց չթողեց։

«Ոչ ոք հերթ չի կանգնում կամավոր զոհվելու ռուսաստանյան հրթիռներից։ Ուկրաինան սարսափելի գին է վճարում եվրոպական ժողովրդավարության օգտին իր ընտրության համար։ Եվրամիությունը բարձր գին է վճարում, որպեսզի իր քաղաքակրթությունը պաշտպանի։ Արժեքները բարեկեցությունից շատ ավելի կարևոր են։ Ձեզ համար ի՞նչն է կարևոր։ Հերթում հայտի թիվը»,- Թվիթերում դիմելով Ղարիբաշվիլիին` գրել է ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG