Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Վրաստանին հավելյալ ժամանակ է տրամադրում 12 նախապայմանները կատարելու համար


Վրաստանի և Եվրամիության դրոշները Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ, հուլիս, 2022թ.
Վրաստանի և Եվրամիության դրոշները Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ, հուլիս, 2022թ.

Եվրամիությունը Վրաստանին հավելյալ ժամանակ է տրամադրում Բրյուսելի կողմից առաջ քաշված 12 նախապայմանները կատարելու համար։ Այս մասին երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած նիստի ժամանակ հայտարարեցին Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, բացահայտորեն ակնարկելով, որ այս քայլին են դիմում Վրաստանում հավելյալ ներքաղաքական լարվածությունից խուսափելու համար։

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Վրաստանը խորը, ծանր և մանրակրկիտ աշխատանք իրականացնի Եվրամիության կողմից առաջ քաշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Բավական զգուշավոր քննարկումներից հետո, սակայն, մենք որոշեցինք, որ քաղաքական բևեռացման վերացման, բարեփոխումների իրագործման հարցում Վրաստանի քաղաքական վերնախավին շտապեցնելու հարկ չկա։ Դա է պատճառը, որ ԵՄ խորհուրդը խնդրել է մեզ Վրաստանի կողմից [Բրյուսելի մատնանշած] առաջնահերթությունների կատարման հարցով գնահատականները հրապարակել ոչ թե այս տարեվերջին, այլ 2023 թվականին՝ ընդարձակման փաթեթին վերաբերող զեկույցների շրջանակում», - նշում էր Եվրահանձնաժողովի ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Ռուպը՝ համոզմունք հայտնելով, որ «սա Վրաստանի քաղաքական համակարգին բավարար ժամանակ կտա այդ առաջնահերթությունների ուղղությամբ հիմնարար աշխատանք ծավալելու համար»:

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի կեսերին, ԵՄ ղեկավար մարմինները որոշեցին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանի իշխանությունների առջև ընդհանուր առմամբ 12 նախապայմաններ առաջ քաշեցին, որոնց կատարումից հետո միայն խոստացան վերադառնալ Թբիլիսիի թեկնածության քննարկմանը։ Այդ նախապայմանների թվում էին դատական համակարգի և ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումները, քաղաքական որոշումների կայացման վրա օլիգարխների ազդեցության բացառումը, ինչպես նաև 2021 թվականի գարնանը վրացական իշխանությունների և ընդդիմության միջև ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կնքված համաձայնագրի բոլոր դրույթների կատարումը։ Մինչ այս բոլոր պայմանների կատարումը, այդուհանդերձ, Բրյուսելը չի պատրաստվում սառեցնել Վրաստաի հետ համագործակցությունը՝ շարունակելով իրականացնել այն ծրագրերը, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են։

«Ամեն տարի մենք 85 միլիոն եվրո ենք տրամադրում Վրաստանում բարեփոխումների իրականացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստանի կառավարության հետ բոլոր մակարդակներում։ Դրան զուգահեռ, մենք շարունակում ենք աշխատել տնտեսական և ներդրումային ծրագրերի ուղղությամբ։ Վրաստանում այդ ծրագրերից ամենակարևորը Սև ծովի տրանսպորտային կապերի զարգացումն է, թվայնացումը, ինչպես նաև երկրի քաղաքացիների համար համացանցից օգտվելու հնարավորություններ ստեղծելը», - հայտարարում էր եվրոպացի պաշտոնյան։

XS
SM
MD
LG