Վրաստանի իշխող ուժի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն վերստին պնդում է՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երկրի ոչ պաշտոնական ղեկավարը չէ:
«Ինչպե՞ս, ի՞նչ ձևով կարող է այդ մարդը ներգրավված լինել քաղաքական գործընթացներում: Եվ ինչպե՞ս կարող է առանց հանրությանը ներկայանալու վերահսկել ամբողջ պետությունը, ինչպես պնդում են որոշ մարդիկ», - նշել է Կոբախիձեն:
«Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում «Վրացական երազանք»-ի ղեկավարը մեկնաբանել է Իվանիշվիլիի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։
«Տեսականորեն եթե նման բան տեղի ունենա, ուրեմն ստացվում է, որ այդ մարդուց ինչ-որ մեկն իսկապես ինչ-որ կոնկրետ բան է խնդրում։ Ինչ կարող են այդ մարդուց խնդրել, այսօր ես դա չեմ ասի։ Բայց հանրությունը մոտավոր կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - ասել է Կոբախիձեն՝ կարծիք հայտնելով, որ պատժամիջոցներն արդյունավետ չեն լինի։
Կիևն էր ավելի վաղ Արևմուտքին կոչ արել պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ՝ պնդելով, թե Վրաստանի նախկին վարչապետը «սերտ կապեր ունի Ռուսաստանի իշխող շրջանակների հետ և վերածվել է վրացական Յանուկովիչի»: