«Ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի Վրաստանը Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ չստանա», - այսօր ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ «վերջին տասը տարիներին ընդդիմության որդեգրած գործելաոճը սեփական ժողովրդի դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի և հոգեբանական տեռորի վառ օրինակ է»։
Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ ընդդիմության գլխավոր նպատակը Եվրամիության կողմից առաջ քաշված 12 նախապայմանների կատարման խափանումն է։
Վրաստանի վարչապետը նաև հերքել է ընդդիմությունից հնչող այն պնդումները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը ռուսամետ քաղաքականություն է իրականացնում։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականի պատերազմից անմիջապես հետո այսօրվա ընդդիմադիրները, որոնք այն ժամանակ իշխանության մաս էին կազմում, Վրաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները հանձնեցին Ռուսաստանի պետական կառույցներին։ Նախագահ Սաակաշվիլին էր, որ չեղարկեց վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Եվ այսօր այդ մարդիկ մեզ մեղադրում են ռուսամետության մեջ», - հայտարարել է Ղարիբաշվիլին։