Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում դաժան վերաբերմունքի գործով, հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։
Այն, որ Ուկրաինայում մի քանի քրեական գործ է հարուցվել վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերով հայտնի դարձավ հունվարի կեսերին։
Քաղաքական գործչի ուկրաինացի փաստաբան Եվգեն Հրուշովեցը հայտնել է, որ վարույթը սկսվել է իր և իր գործընկերների կողմից Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության հիման վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Վրաստանում շարունակվում է բանտարկյալ Սահակաշվիլիի նկատմամբ երկու հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստերի հետաքննությունը։ Ստուգումն իրականացնում է Պետական տեսչական ծառայությունը, որը իշխանությունների որոշմամբ, մարտի 1-ից կվերացվի, և դրա հիման վրա կստեղծվի երկու նոր վարչություն։
Առաջին հետաքննությունը վերաբերում է Սաակաշվիլիին Ռուսթավի ՔԿՀ-ից Գդանսկի բանտի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ֆիզիկական ուժի և խոսքի միջոցով բռնություն գործադրելու հնարավոր փաստին, մյուս գործը հարուցվել է Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ Սաակաշվիլիին տեղափոխելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով․ նախկին նախագահը պնդում է, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ փորձել են խլել ժամացույցը։
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 1-ին և նույն օրը ձերբակալվեց։