Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին վերջապես խոսեց՝ առիթ տալով տարաբնույթ մեկնաբանությունների


Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Չնայած ահռելի դժվարություններին` իշխող թիմը ճիշտ է աշխատել, ճիշտ և սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել, և հիմնական դժվարությունը՝ պատերազմի վտանգի առաջին փուլը, արդեն հաղթահարվել է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով հեռացել է քաղաքականությունից, բայց ընդդիմությունը նրան մեղադրում է երկիրը կուլիսներից կառավարելու մեջ։

Իվանիշվիլին հավաստիացրել է, որ քաղաքականությունից հեռանալու՝ մեկուկես տարի առաջ տված խոստումը պահպանում է։ Այս ընթացքում միակ հրապարակային հայտարարությունն է անում, որպեսզի ոչ ոքի հնարավորություն չտա շահարկելու իր անունը։ Չի ցանկանում քաղաքական գործընթացների վրա որևէ ազդեցություն ունենալ և այդ պատճառով է հանրությունից հեռավորություն պահում:

Միաժամանակ, նա ասել է, թե, բնականաբար, ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Տարածաշրջանում ձևավորված բարդ քաղաքական իրավիճակում Վրաստանը և իշխող թիմը վերջին ամիսներին ստիպված էր և ստիպված է անցնել շատ ցավալի գործընթացներով։ Վրաստանի և իշխանությունների համար հատկապես բարդ է այն հանգամանքը, որ «որոշակի ուժեր ակտիվորեն փորձում էին Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, և նրանց ցանկությունն ու նպատակը արդիական է նաև այսօր», - հայտարարել է Իվանիշվիլին։

Նրա խոսքով, չնայած պատերազմում ներքաշվելու անմիջական վտանգը չեզոքացվել է, բայց մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը որոշակի ռիսկեր են մնում, և ինչպես իշխանությունը, այնպես էլ հանրությունը պետք է առավելագույնս զգույշ լինեն, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից։

Իվանիշվիլին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ Վրաստանի հարաբերություններին, պնդելով, որ հիմա, երբ պատերազմի անմիջական վտանգը չեզոքացվել է, իշխող թիմը հնարավորություն ունի ուշադրություն դարձնելու մեկ այլ կարևոր առաջնահերթության վրա՝ հոգ տանել, որ ռազմավարական դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունները չվնասվեն։

Ինչ վերաբերում է շվեյցարական բանկի հետ խնդիրներին, միլիարդատեր Իվանիշվիլիի կարծիքով՝ դրանք ուղիղ կապ ունեն Վրաստանում տեղի ունեցող գործընթացների հետ։ Այնուամենայնիվ, նա դա համարել է իր անձնական խնդիրը, խոստանալով, որ ապագայում իր փաստաբանը մանրամասն պարզաբանումներ կտա։

Հայտարարության վերջում նա հաստատել է շրջանառվող լուրերը, որ ռուս - ուկրաինական պատերազմի սկզբին հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ։ Նա ասել է, որ դեսպանի խնդրանքով մարտի 21-ին հանդիպումն իրոք տեղի է ունեցել և շարունակվել է մոտավորապես երեք ժամ։

Վրաստանի քաղաքական գործիչներն իսկույն արձագանքել են Իվանիշվիլիի հայտարարությանը։

Խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է, որ նամակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե իր երկրի համար ինչպիսի պատրիոտն է Բիձինա Իվանիշվիլին, նա շատ թափանցիկ և ուղիղ ժողովրդին ասում է ճշմարտությունը։

«Ազգային շարժում»-ից Լևան Բեժաշվիլին ասել է, թե Իվանիշվիլիի հանդիպումը ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի հետ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իվանիշվիլին Վրաստանի ոչ պաշտոնական օլիգարխիկ կառավարիչն է։ Շվեյցարական բանկի հետ Իվանիշվիլիի խնդրի հետ կապված Բեժաշվիլին ասել է, որ այդ խնդրի պատճառը Վրաստանում իրականացվող ստվերային ղեկավարի քաղաքականությունն է Ռուսաստանի ու միջազգային հանրության հանդեպ։ Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին, Բեժաշվիլին ասել է, որ այդ մասին խոսում են միայն Իվանիշվիլին ու «Վրացական երազանք»-ի առաջնորդները, գոյություն չունեցող բան են ստեղծել ու խոսում, թե իբր հաջողությամբ պայքարում են դրա դեմ։

Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին ասել է, որ պատերազմի հետ կապված՝ իշխանությունը լայնածավալ ապատեղեկատվական արշավ է իրականացնում, որը կազմակերպում է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Լելո» կուսակցությունից պատգամավոր Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ այսօր Վրաստանում միայն մեկ օլիգարխ կա, և նրա անունը Բիձինա Իվանիշվիլի է, ու նա ոչ միայն ակտիվորեն միջամտում է, այլև կարելի է ասել՝ ուղղորդում է իշխող թիմի քաղաքականությունը։ «Նրա նամակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ստվերային կառավարումն այսօր երկրի գլխավոր մարտահրավերն է», - ասել է Սամադաշվիլին։

«Գիրչի» կուսակցությունից Յագո Խվիչիայի կարծիքով՝ Իվանիշվիլիի հայտարարությունը նախաբան է, ինչ-որ բանի սկիզբ, «սյուժեի գլխավոր գործողությունները սպասվում են առաջիկայում»։

XS
SM
MD
LG