Մատչելիության հղումներ

Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ


Ռիշի Սունակ, արխիվ
Ռիշի Սունակ, արխիվ

Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի իշխող ուժի առաջնորդ և երկրի հաջորդ վարչապետ: Թորիների 42-ամյա ներկայացուցիչը ներկուսակցական ընտրություններում ստացավ անհրաժեշտ 100 քվեն, և արդեն այսօր Սունակը կդառնա Դաունինգ Սթրիթ 10-ի նոր հասցեատերը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին հնդկական ծագում ունեցող, վերջին 200 տարվա ընթացքում ամենաերիտասարդ վարչապետը։

Իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կառույցներից մեկի՝ «1922 կոմիտեի» հայտարարության համաձայն, կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Փեննի Մորդընթը, ինքնաբացարկ է հայտարարել՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Սունակին։

Բրիտանական աղբյուրների համաձայն՝ Չարլզ երրորդը թորիների նորընտիր առաջնորդին կհանդիպի արդեն այսօր՝ նրան պաշտոնապես հանձնարարելու կառավարություն ձևավորել։

Վարչապետի պաշտոնում Սունակին բաժին է հասել վերջին տասնամյակների ընթացքում երկրի առջև ծառացած թերևս ամենածանր խնդիրը՝ կարգավորել ծանր տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է մասնավորապես էներգակիրների գների պատճառով։ Ակնկալվում է, որ տարեկան կոմունալ ծախսերը կաճեն միջինը մինչև 80 տոկոս, իսկ 2023 թվականին մոտ 3,5 հազար ֆունտ ստերլինգից կհասնեն մինչև 6 հազարի, մինչդեռ սպառողներին աջակցելու ծրագրերով Մեծ Բրիտանիան զիջում է եվրոպական մյուս խոշոր երկրներին։

«Կասկած չկա, որ մենք բախվում ենք լուրջ տնտեսական մարտահրավերի։ Մեզ կայունություն և միասնություն է պետք, և ես իմ առաջնահերթությունը կդարձնեմ մեր կուսակցության և մեր երկրի համախմբումը», - ներկուսակցական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ելույթի ընթացքում հայտարարում էր Սունակը:

Սունակի ընտանիքը Արևելյան Աֆրիկայից Մեծ Բրիտանիա է ներգաղթել 1970-ականներին։ Հեղինակավոր Օքսֆորդ և Սթենֆորդ համալսարաններում նա ուսանել է տնտեսագիտություն, փիլիսիոփայություն և քաղաքականություն։ Նախ աշխատել է ֆինանսական ոլորտում, այդ թվում` հեղինակավոր Goldman Sachs ներդրումային բանկում։ Առաջին անգամ Համայնքների պալատում ընտրվել է 2015-ին, իսկ 2020 թվականի փետրվարից ստանձնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի լիազորությունները։

Այդ պաշտոնում Սունակի գլխավոր նախաձեռնություններից մեկը հարկերի կտրուկ բարձրացումն էր, ինչը քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստների, այլև իր իսկ կուսակիցների կողմից։ Նախորդ քարոզարշավի ընթացքում էլ պնդեց՝ չի պատրաստվում դատարկ խոստումներ տալ նախընտրում է պարտվել ընտրություններում, քան հաղթել սուտ խոստումների օգնությամբ ՝ ակնհայտորեն նկատի ունենալով մրցակցի՝ Լիզ Թրասի հարկերը նվազեցնելու խոստումը, որն ի վերջո հանգեցրեց է՛լ ավելի մեծ անորոշության տնտեսությունում, ապա նաև՝ Թրասի հրաժարականին։

Ընդդիմախոսները, սակայն, կասկածում են, թե միլիոնատեր Սունակը հասկանում է կյանքի գների աճի ծավալները, որոնց բախվել են բրիտանացիները։ Նա համարվում է Բրիտանիայի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը:

«Ինչպես ես չեմ դատում մարդկանց ըստ նրանց բանկային հաշվի, այնպես էլ ուզում եմ, որ ինձ դատեն իմ գործերով»

Ֆինանսների նախարարի պաշտոնում Սունակի ամենամեծ գործերից մեկը Eat Out to Help Out («Սնվիր, որպեսզի օգնես») արշավն էր՝ բիզնեսին օգնելու նպատակով, որը մեկնարկել է համաճարակի առաջին ալիքից հետո։ Այն ժամանակ սրճարաններն ու ռեստորանները այցելուներին մեծ զեղչեր էին առաջարկում՝ օգնելու դուրս գալ մեկուսացումից։ Արշավն ի վերջո հանգեցրեց նոր վարակակիրների թվի կտրուկ աճի և հետագայում հանրային սննդի բոլոր կետերի փակման: Ինքը Սունակը հայտարարել է, որ չնայած այդ ամենին՝ հպարտ է իր այդ գաղափարով, որի շնորհիվ « միլիոնավոր աշխատատեղեր են պահպանվել»։

Սունակի հասցեին հաճախակի հնչող քննադատության պատճառներից մեկը նրա և ընտանիքի շուրջ ծագող սկանդալներն են։ Նախ հայտնի դարձավ, որ Սունակի կինը, որն, ի դեպ, Հնդկաստանի ամենահարուստ գործարարներից մեկի դուստրն է, խուսափել է տասնյակ միլիոնների հասնող հարկերից։ Բացի այդ, ըստ որոշ պնդումների, Սունակի անունը հայտնաբերվել է օֆշորներում գրանցված մի քանի ընկերությունների շահառուների ցանկում, ինչը, սակայն, քաղաքական գործչի ներկայացուցիչները կտրականապես հերքում են:


XS
SM
MD
LG