Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր հայտարարեց հրաժարականի մասին։

Նա հայտարարությամբ հանդես եկավ Դաունինգ սթրիթի պաշտոնական նստավայրի մոտ, որտեղ ժամեր առաջ հավաքված լրագրողները սպասում էին նրա հրաժարականի խոսքին։ Այստեղ էր նաև նրա ընտանիքը՝ Քերի Ջոնսոնը` փոքր երեխան գրկին, քաղաքացիների մեծ խումբ, որ երաժշտությամբ ու երգելով ճանապարհեց վարչապետին։

Բորիս Ջոնսոնն ասաց, որ հրաժարական է տալիս` ընդունելով գործընկեր նախարարների և Պահպանողական կուսակցության օրենսդիրների կոչերը։

«Հստակ է, որ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության կամքն է, որ լինի կուսակցության նոր առաջնորդ և հետևաբար նոր վարչապետ, և ես համաձայն եմ խորհրդարանական մեր ղեկավար Գրեհեմ Բրեդլիի հետ, որ նոր առաջնորդի ընտրությունը պետք է մեկնարկի հիմա, ժամանակացույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այսօր ես նշանակել եմ կառավարության կաբինետ, որը կաշխատի, մինչև նոր առաջնորդը ստանձնի պաշտոնը»,- հայտարարեց նա։

Ինքը` Բորիս Ջոնսոնը կշարունակի կատարել Բրիտանիայի կառավարության ղեկավարի պարտականությունները, մինչև իշխող պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը։

Հրաժարականի իր խոսքում Ջոնսոնը նաև ասաց, թե հպարտ է իր կառավարության ձեռքբերումներով՝ «Բրեքզիթի» իրականացումից մինչև Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումը, քովիդի համավարակի ժամանակ, ինչպես նշեց, Եվրոպայում ամենաարագն է ապահովել պատվաստանյութը, ամենաշուտն են դուրս եկել կարանտինից, իսկ վերջին ամիսներին Ուկրաինայում պուտինյան ագրեսիան դիմակայելու առաջատարն են։

Կարճ ուղերձով դիմելով Ուկրաինայի ժողովրդին` Բորիս Ջոնսոնը հավաստիացրեց, որ չնայած իր պաշտոնանկությանը` Միացյալ Թագավորությունը շարունակելու է աջակցել ուկրաինացի ժողովրդին ռուսական ներխուժմանը հակազդելու համար։

Թեկնածունների հավանական անուններ են շրջանառվում

Բրիտանացի մի շարք գործիչներ պահանջում են, որ Բորիս Ջոնսոնը անհապաղ հեռանա նաև վարչապետի պաշտոնից, չմնա մինչև պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը։

Բայց հրաժարականի հայտարարությունից հետո անցումային ժամանակավոր կառավարությունն իր առաջին նիստն է անցկացնում։

Վարչապետի հարաժարականը համընդհանուր նոր ընտրություններ չի ենթադրում, իշխող ուժն է նոր առաջնորդ ընտրելու, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Լրատվամիջոցներն արդեն թեկնածունների հավանական անուններ են շրջանառում, այդ թվում` արտգործնախարար Լիզ Թրասին, նախկին արտգործնախարար Ջերեմի Հնաթին, ով 2019-ին ներկուսակցական պայքարում պարտվել էր Ջոնսոնին, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ում վարկանիշը բարձրացել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, հրաժարական տված ֆինանսների նախարար Ռիշի Սունակին ու առոջապահության նախարար Սաջիդ Ջավիդին: Նրանց քայլի հետևանքով սկսվեց հրաժարականների շղթան։

Ինչը դարձավ հրաժարականի հիմքը

Բորիս Ջոնսոնի հետ կապված նախկին պատմությունները, հակասական հայտարարությունները, մասնավորապես քովիդի համավարակի ժամանակ հավաքներին մասնակցելը, ներվում էին միջազգային լարված իրավիճակի պատճառով, բայց այս անգամ քաղաքական ճգնաժամը շատ խորացավ նրա ստախոսության պատճառով։ Բորիս Ջոնսոնը իր կուսակցության անդամներից Քրիս Փինչերին նշանակել էր մի շարք պատասխանատու պաշտոնների, իմանալով, որ նա տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ է կատարել գործընկեր տղամարդկանց հանդեպ։ Այդ մասին կառավարության գրասենյակը նաև պաշտոնական բողոքներ էր ստացել։

Երբ այս սկանդալը բացահայտվեց, Բորիս Ջոնսոնը փորձեց արդարանալ, թե իր կուսակցի պահվածքի մասին չի իմացել, բայց հետո ստիպված ներողություն խնդրեց։ Նրա ստախոսությունից վրդովված կառավարության անդամները մի քանի օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից հրաժարականներ տվեցին, նրանց թիվը հասել էր մի քանի տասնյակի, կառավարության դժգոհ անդամներին միացան նաև պատգամավորները։ Ջոնսոնից երես թեքեցին նույնիսկ նրանք, ովքեր նախկինում պաշտպանում էին նրան մեղադրանքներից և մերժում անվստահություն հայտնելու առաջարկները։

58-ամյա Բորիս Ջոնսոնը պահպանողականների առաջնորդ ու Բրիտանայի վարչապետ էր դարձել 2019-ին, երբ «Բրեքսիթի» ձգձումների պատճառով հրաժարական տվեց նախկին վարչապետ Թերեզա Մեյը։ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս պաշտոնավարման երրորդ տարում։

Լոնդոնի շարքային քաղաքացիները «Ռոյթերսի» հարցումներում տարբեր վերաբերմունք են դրսևորել։

«Կարծում եմ` նա բավականին շատ սխալներ է գործել, բայց նաև բավականին շատ լավ բաներ է արել՝ Արևմուտքում առաջին տնտեսությունն էր, որ դուրս եկավ համավարակից, իրականացրեց «Բրեքսիթը», - ասել է ապահովագրական բրոքեր Մայք Փերթոնը:

Լրագրողի հարցին, թե ցավո՞ւմ է, որ նա հեռանում է, լոնդոնցին ասել է՝ քանի որ փոխարինող չի տեսնում, հնարավոր է` այո։

Իսկ բանկի աշխատակից Ջորջ Ալանի կարծիքով` Բորիս Ջոնսոնը պետք է վաղուց հեռանար։

Մինչ Ջոնսոնի պաշտոնական հայտարարությունը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցեին, ասել է, թե Բրիտանիայի իրավիճակը, կառավարական ճգնաժամը չի կարող Ռուսաստանի առաջնահերթություններից լինել, բայց ուշադրություն են դարձնում։ Ինչ վերաբերում է Բորիս Ջոնսոնի անձին, Պեսկովը ասել է․ «Նա մեզ շատ չի սիրում, մենք նրան` նույնպես»։

XS
SM
MD
LG