Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում են Ռիշի Սունակը և Լիզ Թրասը


Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ռիշի Սունակը, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ռիշի Սունակը, արխիվ

Ռիշի Սունակ կամ Լիզ Թրաս՝ այս երկու պահպանողական գործիչներից մեկը ընդամենը 46 օր հետո կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Դա պարզ դարձավ երեկ երեկոյան, երբ կուսակցության ղեկավարությունը հրապարակեց Համայնքների պալատի պահպանողական անդամների քվեարկության հերթական փուլի արդյունքները։

«Թեկնածուների օգտին տրված քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Մորդոնթ՝ 105 ձայն, Սունակ՝ 137 և Թրաս՝ 113», - երեկ երեկոյան Լոնդոնում հայտարարեց Պահպանողական կուսակցության ներսում գործող այսպես կոչված «1922 կոմիտեի» նախագահ Գրեմ Բրեդին:

Երեկվա քվեարկության արդյունքում պայքարից դուրս մնաց այս ընտրարշավի գլխավոր անակնկալը՝ 2019 թվականին մոտ մեկ ամիս որպես պաշտպանության նախարար պաշտոնավարած և սոցհարցումների համաձայն շարքային պահպանողականների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող 49-ամյա Փենի Մորդոնթը։

Առաջիկա վեց շաբաթներին շարքային պահպանողականները փոստային քվեարկության միջոցով կորոշեն, թե պայքարում մնացած երկու թեկնածուներից ում են վստահում վարչապետի պաշտոնը։ Քվեարկության արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, նույն օրն էլ երկու թեկնածուներից մեկը կտեղափոխվի բրիտանական կառավարության ղեկավարի Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայր։

Ընտրարշավի ողջ ընթացքում առաջատարը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր։ Հարկ է ընդգծել, որ հաղթանակի դեպքում 42-ամյա Սունակը կդառնա Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որ հնդկական ծագում ունի։ Սունակի ծնողները Մեծ Բրիտանիա են տեղափոխվել 70-ականներին Արևելյան Աֆրիկայից, որտեղ բրիտանական տիրապետության տարիներին մեծաքանակ հնդկական համայնք էր ձևավորվել։ Սունակը մինչև քաղաքականությամբ զբաղվելը աշխատել է ֆինանսական ոլորտում, այդ թվում` հեղինակավոր Goldman Sachs ներդրումային բանկում։ Առաջին անգամ Համայնքների պալատում ընտրվել է 2015-ին, իսկ 2020 թվականի փետրվարից ստանձնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի լիազորությունները։

Այս պաշտոնում Սունակի գլխավոր նախաձեռնություններից մեկը հարկերի կտրուկ բարձրացումն էր, ինչը քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստների, այյլև շատ պահպանողականների կողմից։ Սունակի հասցեին հնչող քննադատության պատճառներից ևս մեկը վերջին ամիսներին նրա անվան շուրջ ծագող սկանդալներն են։ Գարնանը հայտնի դարձավ, որ Սունակի կինը, որն ի դեպ Հնդկաստանի ամենահարուստ գործարարներից մեկի դուստրն է, Մեծ Բրիտանիայի տարածքում գրանցված չէ որպես հարկային ռեզիդենտ, ինչը նրան թույլ է տալիս տարեկան ընդամենը 30 հազար ֆունտ ստեռլինգ հարկ մուծել՝ 20 միլիոնի փոխարեն։ Բացի այդ, բրիտանական թերթերին հաջողվել էր պարզել, որ Սունակը դեռ 2000-ականների սկզբին Միացյալ Նահանգներում մշտական բնակության իրավունք՝ այսպես կոչված գրին-քարտ էր ստացել, որից հրաժարվել է միայն 2021 թվականին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելուց շուրջ մեկուկես տարի անց։

Ի տարբերություն Սունակի` նրա մրցակից Լիզ Թրասը տարատեսակ սկանդալներում ներքաշված չէ, ինչը, սակայն, չի նշանակում, որ արտգործնախարարի հասցեին քննադատություն պակաս գոյություն ունի:

Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտում՝ մասնավորաբար պահպանողականնների շրջանում, Թրասին մեղադրում են հիմնականում երկու մեղքերի՝ ինքնուրույնության բացակայության և կոմպետենտության ցածր մակարդակի համար։ Այս վերջին պնդման ամեանավառ դրսևորումը դարձավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախապատերազմական այցը Մոսկվա, որտեղ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում Թրասը պահանջել էր հրաժարվել ճանաչել Ռուսաստանի ինքնիշխան իրավունքները Վորոնեժի և Ռոստովի հանդեպ՝ դրանք շփոթելով Դոնեցկի ու Լուգանսկի հետ։

Բացի այդ, դեռ ընտրարշավի սկզբում շատերը պնդում էին, որ Լիզ Թրասի թիկունքում նշմարվում է պաշտոնից հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնի ստվերը։ Երեկ այդ կասկածները վերահաստատեց Ջոնսոնի աշխատակազմի նախկին ղեկավար Դոմինիկ Քամինգսը՝ հիշեցնելով նաև Թրասի ներկուսակցական մականունը՝ «Քայլող նռնակ»։

«Այդ մականունը ես Թրասին տվել եմ այն պատճառով, որ նա աշխատելու փոխարեն որպես կանոն քաոս է ստեղծում։ Ինչո՞ւ է այդ դեպքում Բորիս Ջոնսոնը պաշտպանում նրան։ Որովհետև գիտի, որ վարչապետի պաշտոնում Թրասի ձախողումից հետո ինքը կրկին կարող է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը», - Twitter-ում գրել է Քամինգսը։

Ինքը՝ Բորիս Ջոնսոնը, երեկ վերջին անգամ վարչապետի կարգավիճակում մասնակցելով Համայնքների պալատի նիստին, հարկ համարեց իր հաջորդին մի շարք խորհուրդներ տալ։

«Առաջինը՝ սերտ հարաբերություններ պահպանեք ամերիկացիների հետ։ Սատարեք ուկրաինացիներին, ինչպես նաև ազատությունն ու ժողովրդավարությունն ամենուր։ Կրճատեք հարկերը և ամենաառանցքայինը՝ հիշեք, որ կարևորը ոչ թե Twitter-ն է, այլ մարդիկ, որոնք ձեզ ընտրել են», - դիմելով գործընկերներին հայտարարեց Բորիս Ջոնսոնը։

XS
SM
MD
LG