Լիզ Թրասը` Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ. բրիտանական իշխող ուժի ղեկավարությունն այսօր հրապարակեց կուսակցության անդամների քվեարկության արդյունքները: 47-ամյա Թրասի օգտին է քվեարկել կուսակիցների ավելի քան 57 տոկոսը՝ այսինքն` իշխող ուժի ավելի քան 80 հազար անդամ, նրա մրցակցի՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի թեկնածության օգտին տված ձայների քանակը մոտ 60 է։
Թրասը Դաունինգ սթրիթ 10 հասցեում իր աշխատանքը կսկսի վաղը՝ Շոտլանդիայում գտնվող Բալմորալ թագավորական նստավայր այցից հետո, որտեղ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուին նրան պաշտոնապես կհանձնարարի կառավարություն ձևավորել։
Թրասը ներկուսակցական ընտրություններում առաջատար է դարձել Բորիս Ջոնսոնի աղմկահարույց պատմությունների ֆոնին հրաժարականից հետո: Այսպիսով Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բրիտանիայի երրորդ կին վարչապետը Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։
Դաունինգ սթրիթի նորընտիր ղեկավարը պաշտոնը ստանձնում է պայթունավտանգ տնտեսական և սոցիալական պայմաններում: Որպես առաջին քայլ Թրասը խոստանում է նվազեցնել հարկերը, անհապաղ լուծում առաջարկել հաղթահարելու աննախադեպ ճգնաժամը, որն առաջացել է մասնավորապես էներգակիրների գների պատճառով։ Ակնկալվում է, որ տարեկան կոմունալ ծախսերը միջինում կաճեն մինչև ութսուն տոկոս, իսկ 2023 թվականին մոտ 3500 ֆունտ սթեռլինգից կհասնի մինչև վեց հազարի, մինչդեռ սպառողներին աջակցելու ծրագրերով Մեծ Բրիտանիան զիջում է եվրոպական մյուս խոշոր երկրներին։
Թրասը վերահաստատում է` համարձակ պլան ունի` հարկերը նվազեցնելու և երկրի տնտեսությանը զարկ տալու համար
Այսօր ելույթ ունենալով կուսակիցների առաջ` նա վերահաստատեց՝ համարձակ պլան ունի` հարկերը նվազեցնելու և երկրի տնտեսությանը զարկ տալու համար:
Բայց կրկին հիասթափեցրեց բոլոր նրանց, ովքեր փորձում են պարզել, թե ինչպես է նա մտադիր կյանքի կոչել հավակնոտ այդ խոստումները։
Այն դեպքում, երբ երկրում մտավախություն ունեն, որ առաջիկա ձմռանը բրիտանացիները պետք է ընտրություն կատարեն «ջեռուցման և սննդի» միջև, վարչապետի պաշտոնը ստանձնող Թրասն ընդամենը ասում է, թե չի հավատում պետության կողմից «նվերներին», և որ տնտեսության աճի ապահովման համար փորձված միջոց է հարկային բեռը թեթևացնելը` այդպես էլ չթվարկելով այն քայլերը, որոնց օգնությամբ կթուլացնի սոցիալական լարվածությունը։ Փոխարենը հայտարարում է` երկու տարվա ընթացքում կթեթևացնի բրիտանացիների կյանքը։
«Ես գիտեմ, որ մինչև 2024 թվականը ես կարող եմ մեզ դուրս բերել այս ճգնաժամից»,- ասել է նա:
Մշուշոտ այս հավաստիացումներին ի տարբերություն կուսակիցների` շարքային բրիտանացիները չեն հավատում։ Վերջերս YouGov-ի անցկացրած հարցումների արդյունքներով` բրիտանացիների 52 տոկոսը կարծում է, որ Թրասը «վատ» կամ «շատ վատ» վարչապետ է լինելու։
Reuters հետ զրուցած Լոնդոնի բնակիչները ևս մեծ հույսեր չեն կապում երկրի նոր ղեկավարի հետ։
«Ինչ-որ բան կասի, մի քանի խորհրդանշական ջանք կգործադրի, ու արդյունքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է։ Ոչինչ չի փոխվի։ Ես նկատի ունեմ այն, որ նրանք վերջին ամսվա ընթացքում, երբ կարող էին փորձել լուծումներ գտնել կյանքի սարսափելի աճող գների համար, անգործություն են դրսևորել։ Ասում էին` ոչ, իբր կանենք ընտրություններից հետո։ Ոչինչ էլ չի փոխվի», - ասել է Թոնի անունով 54-ամյա տղամարդը։
«Մենք օգնության կարիք ունենք։ Նա պարզապես ասում է, որ պատրաստվում է օգնել, ինչպես ասել է՝ պատրաստվում է օգնել էներգիայի և կյանքի ծախսերի հարցում: Դա այն ամենն է, ինչ մեզ իսկապես պետք է», - շեշտել է մասնագիտությամբ մատուցողուհի, 28-ամյա Չելսին։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Օքսվորդի շրջանավարտ է, ուսանել է տնտեսագիտություն, քաղաքագիտություն ու փիլիսոփայություն։
Քաղաքական կարիերայի վերելքը մեկնարկել է խորհրդարանից, որտեղ հայտնվել է միայն երրորդ փորձից հետո։ 2014 թվականին նա դարձել է ամենաերիտասարդ կին նախարարը Դեյվիդ Քեմերոնի կաբինետում։ Բազմաթիվ սկանդալների կենտրոնում է հայտնվել իր մեկը մյուսին հակասող հայտարարությունների պատճառով, ինչպես օրինակ` «Բրեքզիթի» հարցում․ մինչև 2016 թվականը նա դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելուն, հանրաքվեից ու Քեմերոնի հրաժարականից հետո հայտարարել է, որ սխավել է և այժմ «Բրեքզիթի» կողմնակից է։
Բրիտանական լրատվամիջոցները Թրասին ներկայացնում են որպես վատ հռետոր` կարծիք հայտնելով, որ այդ թերությունը ապագայում մեծ անախորժություններ կբերի նրան։ Թերթերը հիշեցնում են նրա մասնակցությամբ վերջին շրջանի ամենաաղմկահարույց սկանդալներից մեկի մասին, որը տեղի է ունեցել արտգործնախարարի պաշտոնում նրա մոսկովյան այցի ընթացքում, երբ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում Թրասը պահանջում էր հրաժարվել ճանաչել Ռուսաստանի ինքնիշխան իրավունքները Վորոնեժի և Ռոստովի հանդեպ՝ դրանք շփոթելով Դոնեցկի ու Լուգանսկի հետ։