Մատչելիության հղումներ

Չնայած Ադրբեջանի պնդումներին, թե ԼՂ հակամարտությունն ավարտված է, իրականությունը հակառակն է ապացուցում. Միրզոյան


Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունական պարբերականներից մեկին տված հարցազրույցում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է՝ չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունն արդյունավետ քայլեր ձեռնարկի Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն», - ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հունաստանում էր հունիսի վերջին և հենց այդ ընթացքում էլ զրուցել է «Կաթիմերինի» պարբերականի հետ։ Հարցազրույցի տեքստն արտգործնախարարությունն այսօր է հրապարակել։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ- ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններին։

Արձագանքելով Ադրբեջանի իշխանությունների շարունակական պնդումներին, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, Միրզոյանը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Ըստ Միրզոյանի, միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս սա:

«Կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը», - հավելել է Միրզոյանը:

2020-ի արյունալի պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղ հարց լուծված է, Մինսկի խմբի անելիքն՝ ավարտված։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակում։ Վաշինգտոնը, մինչդեռ, ընդգծում է՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։

Այս պայմաններում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի այժմ չի գործում, որքանով է իրատեսական ղարաբաղյան խնդրի կարգավորումը այդ կառույցի մանդատի ներքո, ինչի մասին պարբերաբար խոսում է պաշտոնական Երևանը։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն ընդգծում է՝ Մինսկի խմբի գործունեության նախկին մակարդակին վերադարձն այժմ քիչ հավանական է:

«Ակնհայտն է, որ այս հայտարարությունների պայմաններում հույս ունենալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը մինչև 2022-ի փետրվարի 24-ը արդեն էականորեն սահմանափակ գործառույթներ ուներ, կկարողանան մոտավորապես վերականգնել իր այն դերակատարումը, որ կար մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Դրա հավանականությունը բավականաչափ ցածր է», - ընդգծեց քաղաքագետը:

Արդյո՞ք նախարար Միրզոյանը լավատես է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, հետաքրքրվել է հույն լրագրողը։ Միրզոյանը պատասխանել է՝ Երևանը վերահաստատում է բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու հանձնառությունը և ընդգծել՝ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

«Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»,- շեշտել է նախարարը։

Որքանով է ճիշտ ու իրատեսական Հարավային Կովկասում խաղաղության հնարավորությունից խոսելը, երբ Երևանն ասում է՝ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ, Բաքուն հակառակը պնդում, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

«Հիմնական տարբերությունը մեր ու Ադրբեջանի դիրքորոշման նա է, որ մենք հայտարարում ենք, որ լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, և 2020 թվականի պատերազմն այդ փաստը չի փակել, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ վերջ, Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հարց չկա, հետևաբար իրենք որևէ մեկի հետ՝ կլինի Հայաստան, կլինի Ռուսաստան, կլինի Հայաստան-Ռուսաստան, թե Հայաստան-Եվրամիություն՝ եռակողմ ձևաչափով, իրենք որևէ մեկի հետ այդ հարցը չեն պատրաստվում քննարկել», - ընդգծեց Պողոսյանը:

Հունական թերթի հետ զրույցում Միրզոյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից՝ ընդգծելով, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք է ակնկալում Թուրքիայից։

44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական այս գործընթացի շրջանակում երկու կողմերը հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, որոնք արդեն 4 անգամ հանդիպել են։ Վերջին անգամ կողմերը պայմանավորվեցին ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսել և սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Թե երբ կիրականացվեն այս քայլերը, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան ժամկետներ չեն նշել։

Երկու օր առաջ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը հայաստանյան գերատեսչություններին հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։ Թուրքիայի իշխանություններն այս գործընթացի մասին խոսելիս պարբերաբար հայտարարում են՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը քննարկում են Ադրբեջանի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG