Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում, այսօր հայտարարեց արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։
«Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի, և ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է», - հայտարարել է Լավրովը:
Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չկիսեց ռուս գործընկերոջ հոռետեսական այս գնահատականն ու պնդեց, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել. «Ես, ի դեպ, մի քիչ այլ նորություններ ունեմ։ Հաշվի առնելով շատ հստակ ազդակները, որոնք ստացել եմ մյուս համանախագահող երկրներից, ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում»։
Միրզոյանը կրկնեց նաև Երևանի դիրքորոշումը, թե համանախագահությունը պետք է աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։
Շաբաթներ առաջ Երևանն այս հարցով դիմել էր միջնորդներին, երեք երկրներից որևէ մեկը, սակայն, դեռևս այդ հարցին պաշտոնապես չի արձագանքել։ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ իր այցը Մոսկվա տեղի է ունենում մի փուլում, երբ երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում է լարված իրավիճակը Հարավային Կովկասում, Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։
Միրզոյանը հայտարարեց՝ Բաքուն փորձում է Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծել, և կրկին ընդգծեց, որ ադրբեջանական զորքերը խախտել են հրադադարը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը՝ ադրբեջանցիներին սկզբնական դիրքերը վերադարձնելու, և նման միջադեպերը կանխելու համար՝ հայ լրագրողի հարցին Լավրովը արձագանքեց՝ ռուսական կողմը դեռ չի կարող ասել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, թեև միջադեպից ավելի քան մեկ շաբաթ է անցել։
Փառուխում մարտի վերջին տեղի ունեցած միջադեպերից հետո, որի հետևանքով հայկական կողմում երեք մարդ էր զոհվել, ադրբեջանական զինուժն էլ առաջխաղացում արձանագրել՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե պետք է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները: Ընդ որում, Փաշինյանը այս մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում։
Մոսկվան, փաստացի, այսօր առաջին անգամ պաշտոնապես արձագանքեց այդ կոչերին. «Այո երբեմն որոշ միջադեպեր արձանագրվում են։ Կոնկրետ այս միջադեպի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այնտեղ դեռ կան հարցեր, որոնք բացատրության կարիք ունեն»:
Արարատ Միրզոյանը, մինչդեռ, վերահաստատեց՝ հայկական կողմի ակնկալիքները. «Հայկական կողմը շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն վերականգնվելու է և ռուս խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը՝ ապահովել 2020 թվականի նոյեմբերի արձանագրված ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»։
Միրզոյանի այցը Մոսկվա տեղի ունեցավ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցություններ սկսել։ Այսօր Սերգեյ Լավրովը ողջունեց այդ քայլը, միաժամանակ շեշտեց, որ Միրզոյանի հետ քննարկել է Ռուսաստանի մասնակցության ձևաչափը։
«Ես հարցրի իմ գործընկերոջը՝ որքանո՞վ է բրյուսելյան համաձայնությունը համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ ձեռք էին բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև։ Ինձ ասվեց, որ իրավիճակը բացառապես այդ հունով է զարգանում։ Շատ կուզեի, որ մեր եվրոպացի գործընկերները Բրյուսելում հասկանային, որ այդ գործընթացն արդեն մեկնարկել է երեք առաջնորդների կողմից, և որ իրենք չեն փորձելու այդ ընթացքում ինչ-որ խոչընդոտներ ստեղծել», - նշել է Լավրովը:
Հայաստանի արտգործնախարարն ի տարբերություն իր ռուս գործընկերոջ, խոսեց պատերազմի ավարտից մեկուկես տարի անց դեռ գոյություն ունեցող խնդիրներից, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը հիշատակեց։ Բարձրաստիճան դիվանագետները ընդգծեցին, որ այս հարցերի շուրջ քննարկումը կշարունակվի վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսված է ապրիլի երկրորդ կեսին։