Աշգաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպման հաջորդ օրը Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի և դատապարտել այն վերականգնելու ջանքերը։
Ալիևի խոսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։
«Մենք արդեն հրաժեշտ ենք տվել Մինսկի խմբին, բայց, ցավոք, հայկական կողմը և այլոք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը», - Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, - «ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդեն մեռած է, և մենք որպես օկուպացիայից տուժած երկիր այդ մասին բաց ասում ենք։ Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ կործանարար։ Կործանարար հետևանքներ է ունենում տարածաշրջանում խաղաղության հնարավորության համար»:
Նա հիշեցրել է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ էր ձևավորել, որի նպատակը հակամարտության լուծումը գտնելն էր, Ալիևի մեկնությամբ՝ օկուպացիային վերջ տալն էր, բայց ընդհակառակը՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ օկուպացիան հավերժ շարունակվի»։
Նա երկար խոսել է ղարաբաղյան հակամարտության պատմությունից, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումները, հիշեցրել, որ բազմաթիվ անգամ միջազգային ասպարեզներում առաջարկել էր Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, պնդելով, որ դա միակ միջոցն է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն պատժամիջոցներ չեն սահմանվել, հակառակը, որոշ հայամետ գործիչների կողմից Հայաստանը ավելի շատ աջակցություն է ստացել, քան՝ Ադրբեջանը։
Նա հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հարց է, քանի որ նրա խոսքերով՝ խախտվել են միջազգային հիմնարար սկզբունքները, 28 տարի չէին կատարվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը ու նրա կարծիքով՝ ՄԱԿ-ում բարեփոխումների կարիք կա, որպեսզի անվտանգության խորհրդի բանաձևի կատարման հարցում երկակի մոտեցումներ չցուցաբերվեն։
Նախօրեին Աշխաբադում կայացած Պոիտին-Ալիև հանդիպմանը ղարաբաղյան թեման քննարկվել է, բայց տեղեկությունները շատ աղքատ են։
Մինչ նրանց առանձնազրույցը Ռուսաստանի նախագահն ասել, որ քննարկելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ալիևը ևս ասել, թե հնարավորություն կա խոսելու տարածաշրջանային խնդիրների, տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու մասին:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները թափ են հավաքում. Պուտին
Նրանց հանդիպման մասին լուրերը առավելապես վերաբերում են երկկողմ հարաբերություներին։
Վլադիմիր Պուտինը հիշեցնելով, որ վերջերս Բաքու էր այցելել Ռուսաստանի արտգործնախարարը, հայտնել է, որ նախապատրաստում է նաև Ռուսաստանի վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Նրա խոսքերով՝ ռուս-ադրբեջանական համագործակցության մինչև 2024 թվականի պլանի իրականացումը ամենակարևորն է, բոլոր ոլորտներում զարգացում է նկատվում։
Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները թափ են հավաքում, պայմանավորված բոլոր հարցերը իրականացվում են։ Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը աճում է, անցած տարի աճը կազմել է ավելի քան 16 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 5,5 տոկոս, այդպիսով դիտարկվում է ապրանքաշրջանառության կայուն աճ։
Ադրբեջանի նախագահը նշել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջերս Բաքու կատարած այցի նշանակությունը՝ կապերը զարգացնելու առումով, և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
Պուտինի և Ալիևի վերջին հանդիպումը փետրվարի 22-ին՝ կայացել էր Մոսկվայում։ Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել էին դաշնակցայիան համագործակցության հռչակագիր։