Մատչելիության հղումներ

Քայլ առաջ. քաղաքագիտական շրջանակների գնահատականը՝ հայ-թուրքական պայմանավորվածությանը


Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ.
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ.

Քայլ առաջ։ Քաղաքագիտական շրջանակներում այսպես են գնահատում Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունը բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար և սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ սա դեռ հարաբերությունների կարգավորում և սահմանների ամբողջական բացում չէ։

«Ցանկացած հավելյալ մերձեցում Հայաստանի և Թուրքիայի միջև ես միանշանակ դրական եմ համարում, հույս ունեմ, որ գրանցված տեմպը կշարունակվի», - նշեց Քոչինյանը:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը գործնական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Վեց ամիս ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը Հայաստան-Թուրքիա ուղիղ թռիչքների վերականգնում էր։ Այդուհանդերձ, Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ՝ երեկ Վիեննայում կայացած հանդիպումից հետո 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրներից հայտարարեցին նոր, կոնկրետ պայմանավորվածությունների մասին։

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ուշագրավ է համարում, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ -ի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

«Ռուսաստանը ճանաչվեց որպես հիմնական վտանգ ՆԱՏՕ-ի համար և հիմնական հակառակորդ, սա նշանակում է, որ Արևմուտքը ավելի կսկսի շահագրգռված լինել, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորվեն, որ դրանով իսկ փորձի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնել», - ընդգծեց Սաֆրաստյանը:

Հայաստանի ԱԳՆ-ից դեռ չեն մեկնաբանում, որոնք են երեկվա պայմանավորվածությունների կատարման համար նշվող ամենասեղմ ժամկետները, ինչ քայլեր են հաջորդելու պայմանավորվածությանը և ինչու է՝ սահմանը բացվում միայն երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայտարարության տեքստի մեջ միայն ասվում է, որ քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր և ևս մեկ անգամ շեշտադրվել է հանգամանքը, որ կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է լինելու։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, կարծում է՝ գործընթացում նախապայման կա և դա առաջ է քաշում հենց Թուրքիան. - «Դա է, որ գործընթացը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար: Հատկապես հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահությունը, ըստ էության, մինչև այս պահը կենսունակության նշույլներ դեռևս չի ցուցաբերում, մենք պետք է ֆիքսենք, որ մեր խնդիրը ժամ առաջ հարաբերությունների կարգավորում ունենալն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու գնալ այդ ուղղությամբ»:

«Ալիք մեդիա»-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանն, անդրադառնալով երեկվա պայմանավորվածություններին, գրել է, որ Թուրքիան «երրորդ երկիր» ասելով նախևառաջ նկատի ունի Ադրբեջանին, որի հետ ցանկանում է կապվել ցամաքային ճանապարհով և Հայաստանի տարածքով: Միևնույն ժամանակ հոդվածագիրը շեշտում է, որ եթե անգամ Հայաստան-Թուրքիա գործընթացը բեկում չմտցնի, պետք է շարունակել հանդիպումները:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Ըստ նույն հոդվածի, դեռ 2000-ականների սկզբին, արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի և Աբդուլլահ Գյուլի բանակցային գործընթացում Երևանը ոչ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել, որի կետերից մեկը վերաբերել է հենց երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն:

Թուրքագետ Սաֆրաստյանի կարծքով՝ կարգավորման գործընթացում թելադրողը Թուրքիան է։ Պատահական չի համարում, որ վարչապետ Փաշինյանը շաբաթվա սկզբում լավատեսական չէր տրամադրված, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ հանդիպման նախորդ օրը կոնկրետ արդյունքների սպասելիք չուներ։

«Թուրքիան է, ինքը որոշում է, որքանով որ ես հասկանում եմ, բանակցությունների ընթացքը, ինչո՞ւ, որովհետև թուրքական վերնախավը համոզված է, որ Հայաստանին ավելի շատ պետք է հարաբերությունները կարգավորել, քան թե Թուրքիային: Եվ դա այդպես է, որովհետև Հայաստանը ռազմական առումով Թուրքիայի համար վտանգ չի ներկայացնում, տնտեսական առումով էլ որպես շուկա շատ փոքր է և այլն», - ընդգծեց Սաֆրասյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր: Միևնույն ժամանակ թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ բանակցություններն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG