Մատչելիության հղումներ

Տարբեր կարծիքներ սահմանամերձ գյուղերում՝ հայ-թուրքական սահմանը մասնակի բացելու պայմանավորվածության վերաբերյալ


Հայ-թուրքական սահման, արխիվ
Հայ-թուրքական սահման, արխիվ

Ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ։ Հայաստանի սահմանամերձ գյուղերում սահմանը մասնակի բացելու Երևանի ու Անկարայի պայմանավորվածության վերաբերյալ կարծիքները տարբեր են։

Հարաբերությունների համար առավել բաց են Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Ախուրիկցի Սամվել Բադեյանի պապը Արևմտյան Հայաստանից է գաղթել և հաստատվել սահմանին ամենամոտ Ախուրիկում։ Ասում է՝ պապը հույս ուներ մի օր վերադառնալ Կարսի իր տուն։ Բադեյանը ոգևորությամբ է ընդունել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու և Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու պայմանավորվածությունը։

«Էն վախտ, ճիշտ է, սահմանները բաց չի եղել, բայց էլի առևտուրը կատարել են, շփվել են մարդիկ, ծանոթացել են, հետո իրանց պատվիրակությունները գալիս էին Գյումրի, մեր պատվիրակությունները կգնային իրանց մոտ, առևտուր էր, կազմակերպում էին: Հիմա էլ, եթե ճանապարհը բացվի, ներկա պահին Ախուրիկ համայնքի բնակիչների համար, ինձ թվում է, որ վատ չի լինի. մարդիկ առևտուր կանեն, կգնան-կգան», - ասաց գյուղի բնակիչը

Առավել զգուշավոր են Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, որտեղով անցնում է Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը։ 44-օրյա պատերազմից հետո, ասում են, որոշակի վախեր ունեն։

«Ինչ-որ տեղ համաձայն ենք, որ տամոժնյան բացվեր, երևի մեր գյուղի ժողովրդի համար, ընդհանրապես Հայաստանի համար լավ կլիներ առևտրի, թե՛ տնտեսական, թե՛ ընենց, բայց դե հիմա վախենում ենք: Ես կոնկրետ համաձայն չեմ», - ասաց բնակիչներից մեկը:

Ոչ միայն անվտանգության համար են մտահոգ, այլ նաև տնտեսական անհավասար մրցակցային պայմաններից են վախենում։ Ասում են՝ պարարտանյութից մինչև ոռոգում գյուղացին այսօր խնդիրների է բախվում, ինչպե՞ս են մրցելու Թուրքիայի նման մեծ երկրի շուկայի հետ. - «Մեր եղածը չենք կարողանում վաճառել, իրանք էլ, որ բերեն լցնեն, այսինքն գյուղացին էլ ի՞նչ անի»:

72-ամյա Գերասիմ Դանիելյանը կարծում է՝ 1993-ից փակ սահմանի բացման հնարավորությունը այս անգամ իրատեսական է։ Այդ մտքին մի քանի օր առաջ է եկել, երբ տեսել է դեպի Մարգարա տանող ճանապարհի ասֆալտապատումը։

Այս գյուղում է սահմանային Արաքս գետի վրա կառուցված 170 մետր երկարությամբ Մարգարայի կամուրջը, որը շահագործման է հանձնվել 1960-ականերին և արդեն շուրջ 30 տարի է՝ փակ է։ Հենց դրանով է համայնքի կարևորությունը բացատրում Գերասիմ Դանիելյանը։

«Էն «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոն տեսե՞լ եք, այ էդ նույն կինոյի կամուրջը ստեղ է, նմանակը մի հատ Մարգարայում է, էլի, նույն կամարաձև», - ասաց Գերասիմ Դանիելյանը:

Ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռևս չեն հստակեցրել՝ որոնք են իրենց պայմանավորվածությունների իրագործման համար նշվող ամենասեղմ ժամկետները և ինչու է սահմանը բացվում միայն երրորդ երկրների քաղաքացիների համար։

Սահմանամերձ գյուղերի համայնքապետերը ևս որևէ պաշտոնական իրազեկում մեկնարկող գործընթացների մասին չեն ստացել։

«Բիզնեստեսակետից լավ է, մնացած հարցերը, ինչ վերաբերում է լավին ու վատին, արդեն մենք չենք կարող որոշել, մենք չենք կարող գնահատական տալ», - ասաց Ախուրիկի համայնքապետ Գարիկ Մելքոնյանը:

Սահմանամերձ գյուղի բնակիչների մի մասը ևս չի շտապում գնահատական տալ սպասվող փոփոխություններին:

Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը ձեռք բերվեց հուլիսի 1-ին՝ Վիեննայում հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման ժամանակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG