Պաշտոնական Բաքուն մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի առաջարկը և հայտարարում, որ Հայաստանի հետ սահմանազատումը բարդ և ժամանակատար գործընթացը է լինելու։ Այսօր Բաքվի «Ադա» համալսարանում խոսելով Հայաստանի հետ բանակցությունների մասին՝ արտգործնախարար Ջեհյուն Բայրամովն ասել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծումն ինքնին առաջընթաց է, բայց հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի բարդ հարաբերությունները, այն հեշտ չի անցնի, քանի որ շատ զգայուն հարցեր կան:
Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը դժվար է եղել, քանի որ Հայաստանը զորքերի հայելային հետքաշման պայման էր առաջ քաշել:
«Հայաստանը առաջարկում էր լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ մասնավորաբար սահմաններից հետ քաշել զորքերն ու սահմանապահներին։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաժարվել է դրանից, քանի որ սահմանների պաշտպանությունը Ադրբեջանի պարտքն է և սահմանադրական իրավունքը: Սահմանազատման գործընթացը պետք է անցկացվի բանակցային ճանապարհով պատմական, իրավաբանական փաստաթղթերի ու մասնագետների ներգրավմամբ», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Պաշտոնական Երևանը զորքերի հայելային հետքաշման առաջարկն արեց անցած տարի, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։ Վարչապետ Փաշինյանն անցած տարի ասում էր՝ սահմանազատման աշխատանքներից առաջ զորքերի հետաքաշումը և սահմանագոտում դիտորդական առաքելության տեղակայումը թույլ կտա խուսափել միջադեպերից ու հրադադարի պարբերական խախտումներից։ Այս տարի արդեն հայտարարում էր, թե այս առաջարկը պնդելը կարող էր ընկալվել որպես իրավիճակը փակուղի մտցնելու քաղաքականություն։
Բայրամովն այսօր խոսել է մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպման մասին և առանց հստակ ամսաթիվ ու վայր նշելու՝ հայտնել, որ հանձնաժողովականների այլ հանդիպումներ էլ կլինեն:
Մայիսի 24-ի հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել էին հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական հարցեր, պայմանավորվել էին, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, բայց ժամկետները չէին հստակեցրել:
Սահմանազատման բարդ և երկարատև գործընթացի մասին խոսող Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր միևնույն ժամանակ հայտարարել է, թե հետպատերազմական շրջանում նոր հնարավորություններ են բացվել ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ամենաբարձր՝ նախագահի մակարդակով Հայաստանին առաջարկեց աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ: Սա վկայում է, որ կա քաղաքական կամք ու հայացք դեպի ապագա: Եվ Ադրբեջանը այս ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկել», - ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը:
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն պատրաստակամ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և բացել հաղորդակցական ուղիները տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման համար: Այնուհանդերձ, ընդգծել է, որ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չկա. - «Ես չեմ կարող ասել, որ շատ առաջ ենք գնացել, բայց առնվազն կա քննարկում, երկու կողմում տարբեր կարծիքներ են հնչում»:
Անցած շաբաթ Հայաստանի վարչապետն էլ էր ընդունել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում մեծ առաջընթաց չկա։ Իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին էր մեղադրել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ ստեղծելու, նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու փորձերի համար։