Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանձնարարեց «հնարավորինս շուտ իրագործել» Ռուբինյան-Քըլըչ պայմանավորվածությունը


Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով, այսօր կառավարության նիստի ժամանակ վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով կոորդինացված աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ՝ պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրագործելու համար։

«Քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է՝ կոորդինացված աշխատենք որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց Փաշինյանը։

Շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը հուլիսի 1-ին էր՝ Վիեննայում։ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, ինչպես նաև որոշեցին մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն էր: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին:

XS
SM
MD
LG