Մինչ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են իրենց սահմանը մասնակի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորությունը, Ադրբեջանը երկու ամսով Նախիջևանի հատվածում փակել է իր սահմանը Թուրքիայի հետ՝ պատճառաբանելով համաճարակային իրավիճակը:
Հայ և թուրք բանագնացների հանդիպման օրը՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտարարեց, որ փակում է Նախիջևանի կողմից Թուրքիայի հետ 13 կիլոմետրանոց սահմանը։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ, և սա, փաստացիորեն, միակ բաց սահմանն էր: Ադրբեջանի սահմանային ծառայության համաձայն, որոշման պատճառը կրկին համաճարակն է:
Նախարարական խորհրդի որոշման համաձայն, կարանտինային հատուկ ռեժիմի պատճառով Նախիջևան-Թուրքիա սահմանը փակ կմնա մինչև սեպտեմբերի 1-ը:
Ըստ ադրբեջանական մամուլի, սահմանի փակման որոշումը անսպասելի է եղել և քննարկումների տեղիք տվել, թե պատճառը կարող է հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը լինել և այդ կապակցությամբ Բաքվի դժգոհությունը: Այնուհանդերձ, պաշտոնական հայտարարություններում, որպես պատճառաբանություն, միայն համաճարակի մասին է նշվում:
BBC-ի ադրբեջանական ծառայությունը գրում է, թե Թուրքիայի հետ սահմանի փակումը մեծ դժգոհություն է առաջացրել Նախիջևանի բնակչության շրջանում, որոնք Դիլուջու սահմանային անցակետով հեշտությամբ կարողանում էին անցնել Իգդիր, էժան ապրանքներ գնել ու վերադառնալ:
Այս սահմանի փակումը մեծ մնաս է հասցնելու նաև զբոսաշրջության ոլորտին: Մի շարք տուրիստական գործակալությունների տնօրեններ BBC-ին ասել են, որ ստիպված են չեղարկել ամռանը ծրագրված բոլոր շրջագայությունները՝ կորցնելով հազարավոր դոլարներ:
Նախիջևան-Թուրքիա փակ սահմանի մասին օրերս խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Իգդիրի նահանգային ղեկավարը: Ալի Քեմալ Այազը հայտարարել է, թե արտաքին գործերի և առևտրի նախարարությունների հետ աշխատանքներ են տանում սահմանի բացման ուղղությամբ, քանի որ այդ անցակետը երկու կողմի համար էլ մեծ կարևորություն ունի: Նա նշել է, որ Թուրքիայում գրանցված կապիկի ծաղկի դեպքերի պատճառով է նման որոշում կայացվել, սակայն մարդիկ այդքան երկար չեն կարող սպասել, տնտեսությունը տուժում է:
Այս խնդիրը լուծելու համար Անկարա գործուղված Այազը նաև ասել է, որ իշխանությունների հետ քննարկելու է հայ-թուրքական սահմանը Իգդիրի Ալիջան անցակետի կողմից բացելու հարցը: