Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ է ստեղծում հենց Ադրբեջանը․ Փաշինյան


Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը, որը, ինչպես վարչապետի առցանց ասուլիսից պարզ դարձավ, պետք է անցկացվեր երեկ՝ Բրյուսելում։

Վարչապետը, երեկ երեկոյան հրավիրաված ասուլիսին, խոսեց այս մասին և ասաց, որ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ է ստեղծում հենց Ադրբեջանը և դա, ըստ Փաշինյանի, մի քանի դրվագով է տեսանելի։

«Իմիջիայլոց, այդպիսի մեկ հանդիպում արդեն տեղի է ունեցել, և Ադրբեջանը մինչև էս պահը՝ մինչև ասուլիսի մեկնարկը, չի արձագանքել, արդեն արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Իսկ այս պահին սեղանի վրա, բացի այն, ինչ-որ հրապարակվել է, բացի դրանից, որևէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։ Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձևավորել։ Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործում

Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Փաշինյանի պարզաբանմամբ, հենց այս սկզբունքով է որոշվելու Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու հարցը։

«Բերձորի բնակիչների, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, և նաև բնակիչները, բնականաբար, պետք է բանակարանով ապահովեն, բայց էդտեղ գյուղեր է թվարկվում, ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ խոսքը բոլոր բնակավայրերի մասին է», - նշեց վարչապետը։

Գերիների վերադարձի հարցը

Փաշինյանը բազմաթիվ հարցեր էր ստացել նաև Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ։ Ասաց գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։ Վարչապետը չնշեց գերիների վերադարձման որևէ ժամկետի կամ պայմանավորվածության մասին։

«Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում», - ասաց գործադիրի ղեկավարը։

«50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ»

44 օրյա պատերազմի հանգամանքների բացահայտման մասին խոսելիս՝ Փաշինյանը հիշատակեց բազմաթիվ քրեական գործեր, լրտեսության հոդվածով հարուցված և որոշակի մանրամասներ փոխանցեց այդ գործերից։

«50-ից ավելի զինծառայող Հայաստանի Հանրապետության մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։ Մենք հասկանո՞ւմ ենք սա ինչ է։ Ես չգիտեմ էլ էդ գործերի մանրամասները հրապարակվե՞լ է։ Երբ որ մեր կոորդինատ գրողը պարզվել է ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս», - ասաց վարչապետը։

«Մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է»

Փաշինյանը հպանցիկ անդրադարձավ նաև անցած շաբաթ հրապարակված գաղտնի ձայանգրությանը։ Հայտնի ձայնագրության մեջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ներկայիս պաշտոնակատար Ջհանգիրյանը փորձում էր համոզել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ՝ նրան քրեական հետապնդումից ազատելու երաշխիքների դիմաց։

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է։ Մենք էստեղ իրական հաջողություններ չունենք։ Երկրի բարձրագույն իշխանությունն արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ», - ասաց Փաշինյանը։

Արդյո՞ք վարչապետը պատրաստվում է վերադառնալ ազատ շփման տարբերակին

Արդեն երրորդ անգամ այս ֆորմատով անցկացվող վարչապետի առցանց ասուլիսը բոյկոտել էին մի քանի տասնյակ լրատվամիջոցներ։ «Ազատություն» ռադիոկայանը, որ միացել էր մեկ այլ հայտարարության, որով ասուլիսի ձևաչափը վերանայելու հորդոր էր հնչում, նաև հարց էր հնչեցրել վարչապետ Փաշինյանին այն մասին, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ ազատ շփման տարբերակին։

Վարչապետը չհամաձայնեց լրատվամիջոցների քննադատությանը, որ ձևաչափը ազատ չէ ու դժգոհությունը կապեց քաղաքական կողմնորոշման հետ։

«Ենթադրենք ասուլիս անեինք, էդ նույն լրագրողները կամ լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձեին կաթվածահար անեին մամուլի ասուլիսը, ի՞նչ էինք անելու», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG