Մատչելիության հղումներ

Ներխուժումից երկու ամիս անց էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխի մոտ 


Ճիշտ երկու ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

Չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, որ ռուսական կողմը իր պատասխանատվության գոտուց պետք է ապահովի ադրբեջանցիների դուրսբերումը, տեղացիների փոխանցմամբ՝ Փառուխում և Քարագլխում որևէ փոփոխություն չկա։

Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ Փառուխից ընդամենը հիսուն մետրի վրա, գյուղում ռուսներ են, իսկ հայերը չեն կարողանում վերադառնալ հարազատ տներ, այսօր «Ազատությանը» հայտնեց գյուղապետ Վարդան Միքայելյանը։

«Գյուղի մեջ խաղաղապահ ուժերն են կանգնած, հենց գյուղի մեջ, գյուղի կողքերով իրենք որ բարձրանում են դեպի Քարագլուխ՝ ադրբեջանցիները, այդ մասերում էլ ադրբեջանցիներն են կանգնած, որ Քարագլուխ գնալու ճանապարհներն ապահովեն», - նշեց Միքայելյանը։

Փառուխի գյուղապետի խոսքով՝ մինչ 44-օրյա պատերազմը համայնքում երկու տասնյակ հայ ընտանիքներ էին ապրում։ Պատերազմի հետևանքով, երբ հայկական զինուժը դուրս եկավ Աղդամից, շփման գիծը ընդհուպ մոտեցավ գյուղին՝ ադրբեջանական դիրքերը մոտ 300 մետրի վրա էին, և այդ պայմաններում գյուղի բնակիչների զգալի մասը հեռացավ։ Այնուհետև այս տարվա մարտին ադրբեջանական զինուժը ներխուժեց Փառուխ։

«Դե մեզ ո՞վ է բան ասում, որ մենք բան իմանանք։ Չէ, չգիտեմ՝ փոփոխություն կլինի, չի լինի, նաղդ չեն թողնում մտնենք գյուղ, դա ֆակտ է էլի, երկու օր առաջ էլ եմ փորձել, ռուս խաղաղապահներին գնացել եմ, ասել եմ, որ պետք է, ուզում եմ մի հատ մտնեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում գյուղում, չեն թողնում։ Պոստ է դրած, տամոժնյա ա ոնց որ, Խրամորթից այն կողմ՝ դեպի մեր գյուղ գնացող ճանապարհի վրա արդեն պոստ է դրված», - նշում է նա։

«Տղամարդիկ Խրամորթում են»

Խրամորթը Փառուխից ուղիղ գծով մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա է՝ հարավում, Ասկերանի շրջանի սահմանամերձ մյուս հայկական բնակավայրն է։

Փառուխի ներխուժմանը նախորդած շաբաթներին ադրբեջանական կողմը բարձրախոսներով մուղամ էր միացնում գյուղի ուղղությամբ և կոչեր հնչեցնում, թե խրամորթցիները գտնվում են Ադրբեջանի տարածքում ու պետք է հնազանդվեն ադրբեջանական օրենքներին։

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ մարտից այս կողմ բարձրախոսները լռում են, գյուղում ռուս խաղաղապահներ կան. «Ներկա դրությամբ երեխաները տարհանված են, մեծահասակները, կանայք, երեխաները, իսկ միջին հասակի տղամարդիկ դիրքերում են, տղամարդիկ սաղ մնացել են գյուղում, գյուղից տղամարդ դուրս չի եկել։

Գյուղատնտեսական աշխատանքները մասամբ են արվում, այսինքն՝ իրենց սեփական այգիներում, բայց համայնքի սաղ վարչական տարածքում այսօրվա դրությամբ հլը որ չեն անում»։

Կրեմլի միջնորդած զինադադարի պայմաններում ադրբեջանական զինուժը երկու ներխուժում է իրականացրել Արցախ

44-օրյա պատերազմից ու Կրեմլի միջնորդած զինադադարից հետո Փառուխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումը առաջին դեպքը չէր։ 2020թ. դեկտեմբերի կեսերին՝ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան մեկ ամիս անց, Ադրբեջանի բանակը հարձակվեց Հադրութի շրջանի հայկական վերջին երկու գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Հայկական կողմը զոհեր, վիրավորներ, մի քանի տասնյակ գերիներ տվեց։ Արդյունքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առանց պատճառաբանության պարզապես փոխեց Արցախում իր խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու քարտեզը՝ այդ երկու գյուղերը թողնելով Ադրբեջանի կազմում։

Փառուխի ուղղությամբ ևս այս մարտին հայկական կողմը զոհեր տվեց։

Պաշտոնական Երևանը նախորդ անգամ հիշեց Փառուխի մասին մոտ մեկ ամիս առաջ, երբ Մոսկվայում նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո վերադառնալով Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չափազանց անհանգստացնող» գնահատեց իրավիճակը։

«Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից, և մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը», - նշել էր Փաշինյանը։

Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի համոզմամբ՝ Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է արժանանա «առնվազն քաղաքական հետաքննության», որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ Հադրութի շրջանի գյուղերի և Փառուխի հետ, չկրկնվի. «Այսինքն՝ այնտեղ զինված ներխուժում՝ որպես այդպիսին, չի եղել՝ ըստ պաշտոնական տեղեկությունների։ Խոսքը վերաբերել է որոշակի դիրքերից հայելային հետքաշմանը, ինչն ադրբեջանական կողմը չի կատարել, կատարել է հայկական կողմը։ Հիմա պետք է քննարկվի, ուսումնասիրվի, պարզաբանվի, թե ինչ, ինչպես և ինչու է տեղի ունեցել»։

Գոհ չենք Հայաստանի ու Արցախի զինված ուժերի բարեփոխումներից. Արցախի ԱԺ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ

Արցախի Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն արձագանքեց՝ Փառուխի դեպքերի վերաբերյալ քաղաքական հետաքննություն եղել է՝ Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի փակ նիստերում հարցը համակողմանիորեն քննվել է։

«Մենք առաջին հերթին պարտավոր ենք ունենալ արհեստավարժ և հստակ ծրագրեր ունեցող բանակ, բայց այս պահի դրությամբ ես չեմ կարող Անվտանգության խորհրդի կայացրած որոշումների կամ քննարկումների մասին հրապարակայնորեն ասել։ Իրականում մենք գոհ չենք այն իրավիճակից, որը կա բարեփոխումների բնագավառում մեր Զինված ուժերում՝ թե՛ հայաստանյան հատվածում, թե՛ արցախյան հատվածում», - շեշտեց նա։

Արցախի Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությունը» փոխանցեցին, որ Փառուխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների առնչությամբ իրենց և ոստիկանության կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։ Ձեռք բերված ապացուցները վկայում են՝ Ադրբեջանի կողմից պլանավորված ու հանցավոր նպատակ հետապնդող գործողությունների մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG