Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) այսօր հաղորդում է պետական դավաճանության ևս մեկ դեպք բացահայտելու մասին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների»:
Դ. Ղ.-ն, շարունակում է ԱԱԾ-ը, «2022 թվականի հունվարին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն»:
Պետական դավաճանության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: