Մատչելիության հղումներ

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատների քննությունը ՄԻԵԴ-ում կարող է տևել հինգ տարի և ավելի


Անվտանգությունից ելնելով երիտասարդ կինը վախենում է նշել իր հարազատի անունը, քանի որ լսել է, թե եղել են դեպքեր, երբ անունը հրապարկելը ճակատագրական հետևանքներ է ունեցել։

Մի քանի ադրբեջանական տեսանյութերում տեսել է ազգականին, թեև Բաքուն չի հաստատում, որ տղամարդը իր տարածքում է. - «Այդ մարդուն առևանգել են ու բռնի ուժով պահում են ներկա պահին»։

Կինը մեծ հույսեր ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսված գործընթացի արդյունքում ներկայացված ապացույցները բավարար կլինեն, և իր հարազատը, ի վերջո, տուն կհասնի. - «Միգուցե երկու տարի անց ոտքը դնի հայի հողի վրա, ինչի համար որ ինքը պայքարել ա»։

Պատերազմից հետո Երևանն ու Բաքուն իրար դեմ հայցեր էին ներկայացրել։ Այժմ ՄԻԵԴ-ում սկսվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գանգատների կոմունիկացիայի փուլը։ Սա նշանակում է, որ երկու պետություններն իրենց դիրքորոշումներն արդեն ներկայացրել են, և հիմա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մինչև սեպտեմբեր իրենց առարկությունները հայտնեն, բացատրում է Միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող խախտումներին։ Դրմեյանը թվարկում է, թե ինչ կլինի, եթե ՄԻԵԴ-ը բավարարի Հայաստանի հայցը. - «Տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակության վայր, այն անձինք, ովքեր կորցրել են գույքը, պետք է ստանան փոխհատուցում։ Բոլորը պիտի ստանան ոչ նյութական վնասի հատուցում։ Ռազմագերիները, նրանց հարազատները, խոշտանգումների դեպքերով տուժածները և նրանց հարազատները ստանալու են ոչ նյութական վնասի հատուցում»։

Հարցին, թե ինչպես են տեղահանվածները վերադառնալու իրենց բնակավայրերը, Դրմեյանը պատասխանեց. - «Պետք է երաշխիքներ տրամադրվեն, որ էս անձանց որևէ կերպ սպառնալիք կյանքին կամ առողջությանը չի լինելու»։

Պատերազմի աղետը սեփական մաշկի վրա զգացած մարդիկ մեծ հույսեր են կապում այս գործընթացի հետ։ Բայց իրավունքի մասնագետները որոշ խնդիրներ առանձնացնում են։ Մասնավորապես՝ գերիներ վերադարձի հետ կապված։ Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ ադրբեջանական բանտերում պահվում են 38 հայեր, որոնց Ադրբեջանի դատարանը ռազմական հանցագործ է ճանաչել և դատապարտել։

Միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ՄԻԵԴ-ը այս դեպքում լծակներ չունի Բաքվի դատարանների վրա. - «Լիազորություն ուղղակի հրահանգելու անդամ պետությանը վերադարձնել ռազմագերիներին, դատարանը չունի, և մի քանի անգամ միջանկյալ միջոցների վերաբերյալ իր որոշումներում այդ մասին նշել է և առաջարկել է դիմել այլ կառույցներին, ինչպիսիք են, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը»։

Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան

Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պնդում է, որ միջպետական և անհատական գանգատների առարկա պետք է դառնա արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Պետք է ապացուցել, որ դատարանը քաղաքական ազդեցության տակ է եղել, և ապօրինի դատական վճռի հետևանքով են այս 38 հոգին հայտնվել ադրբեջանական բանտերում. - «Այս դեպքում դատարանը կարող է արձանագրել արդար դատաքննության իրավունքի խախտում և նշել, որ նրանք ունեն ռազմագերիների կարգավիճակ, նրանք հանցագործներ չեն, ինչը պետք է հանգեցնի նրանց անհապաղ ազատ արձակմանը»։

Հայաստանցի իրավապաշտպանները նաև պնդում են, որ բազմաթիվ փաստեր, տեսանյութեր, ապացույցներ ունեն, որ Բաքվի բանտերում 100-ից ավելի հայ գերիներ են պահվում։ Ադրբեջանը շարունակում է հերքել այս հանգամանքը՝ պատճառաբնելով անգամ, թե տեսանյութերը կեղծ են։

Երևանից հակադարձում են՝ ՄԻԵԴ-ը հատուկ մոտեցում ունի այս դեպքերի համար։ «Եթե պատասխանող պետությունը չհաստատեց անձի իր մոտ գտնվելու հանգամանքը, կամ ասեց, որ որոշակի ժամանակ անց ես նրան բաց եմ թողել ու ճակատագրի մասին տեղեկություն չունեմ, վերջին տվյալը, որը որ մենք ունենք անձի Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելն է, և դա բավարար է լինելու, որպեսզի դատարանն արձանագրի տվյալ անձի բռնի անհետացման հանգամանքը», - պարզաբանեց Դրմեյանը։

«Ադրբեջանը պետք է գիտակցի, որ եթե չընդունի անձանց ողջ լինելը և ողջ չհայրենադարձնի, ձևական իրավական առումով միջազգային պատասխանատվություն է կրելու կյանքի իրավունքի խախտումների համար», - ասաց Սահակյանը։

Նրա պնդմամբ, Եվրոպական դատարանին չի կաշկանդում, թե ինչ դիրքորոշում ունի այս կամ այն կողմը։ Հիմա կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շատ արժանահավատ ապացույցներ ներկայացնի չհաստատված գերիների վերաբերյալ ևս. - «Քանի որ ապացուցված է, որ նրանք եղել են մարտական գործողությունների մասնակիցներ, և տարածքների գրավման արդյունքում մնացել են Ադրբեջանի կողմից հսկվող տարածքներում, այստեղ ապացուցման պարտականությունը շրջվում է և դառնում է Ադրբեջանի իշխանություններին»։

Դատավարական երկար գործընթաց է սպասվում։ Ըստ մասնագետների, քննությունը մոտ 5 և ավելի տարի կտևի՝ հաշվի առնելով գործի ծավալը, բարդությունն ու նրբությունները։

XS
SM
MD
LG