44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, ադրբեջանական բանտում արդեն մեկուկես տարի պահվող 55-ամյա Ալյոշա Խոսրովյանի կինն այլևս հույս չունի, թե ամուսինն առաջիկայում տուն կվերադառնա։
«Որ հանդիպել են ինչ, ոչ մի փոփոխություն չկա: Հանդիպելու արդյունքը էն պիտի լինի, որ արդեն հետ բերեն», - նշեց Խոսրովյանի կինը:
Գերիների հարցերով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ադրբեջանցի գործընկերների հետ երեք անչափահաս երեխաներին միայնակ մեծացնող Սվետլանա Ղուկասյանին այլևս չեն ոգևորում։ Ամուսնու հետ կապը Կարմիր խաչի միջոցով է պահում։
«Եթե 2 տարվա մեջ ոչ մի բան չեն արել, էլ ի՞նչ պիտի սպասենք էս կառավարությունից», - նշեց նա:
Անցած տարվա օգոստոսին Բաքվի ռազմական դատարանը Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել արցախյան առաջին պատերազմի տարիներին կատարած հանցանքի մեղադրանքով։
Կինը հետևում է գերիների հետ կապված ցանկացած տեղեկատվության, երեկ էլ լսել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպման մասին։ Արթուր Դավթյանը ռուս և ադրբեջանցի գործընկերների՝ Իգոր Կրասնովի և Քյամրան Ալիևի առջև բարձրացրել է Ադրբեջանի կողմից հաստատված 38 ռազմագերիների վերադարձի հարցը։
«Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար», -ասել է Հայաստանի գլխավոր դատախազը՝ հատուկ ընդգծելով, որ հայկական կողմը լիարժեք կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր հումանիտար պահանջները:
Չնայած Բաքվում պահվող գերիների առկայությանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ Բաքուն լիովին կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բաքուն իր վերահսկողության տակ պահվող հայերին համարում է հանցագործներ, ոչ թե՝ ռազմագերիներ։ Իր այս պնդումը Ադրբեջանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը քննում է ոչ միայն 38 գերիների, այլ նաև Ադրբեջանի կողմից չհաստատված, բայց հայկական կողմի պնդմամբ՝ գերության մեջ գտնվող ևս 80 ռազմագերու հայցերը։ Վերջիններիս՝ գերեվարված լինելու մասին հայկական կողմը բազմաթիվ փաստեր՝ տեսաերիզներ, լուսանկարներ է ուղարկել Ստրասբուրգ։
Իրավապաշտպանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ին Ադրբեջանը ներկայացնում է կեղծ տեղեկություններ
«Ինչ առնչվում է չհաստատված գերիներին, հիմնականում հղում են կատարում իրենց ներպետական քրեական գործերի նյութերին, որոնք միակողմանի են և ի սկզբանե նպատակ չեն ունեցել օբյեկտիվ, անկողմնակալ ու արդյունավետ քննություն իրականացնել փաստերի առնչությամբ: Դրանք ձևական բնույթ կրող գործընթացներ են, որտեղ Ադրբեջանի քաղաքական թեզերը ստանում են իրավական հիմավորումներ», - ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Այժմ կոմունիկացիայի փուլ է, Ադրբեջանն ակտիվորեն տեղեկատվություն, փաստաթղթեր է ներկայացնում դատարան, ասում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սահակյանը։ Դրանք զուգահեռաբար ներկայացվում են հայկական կողմին, որն էլ ավելի ուշ իր տեսակետը կներկայացնի Ստրասբուրգ։
«Եթե Ադրբեջանը ռազմագերուն չի հաստատել, թեև կա տեսանյութ, և տեսանյութը ստուգված է, նույնիսկ միջազգային հետաքննություն կա, նրանք ընդամենը կարող են մատնանշել, որ տեսանյութում ցույց են տվել այդ վայրում ծառայություն անցած զինծառայողներին, նրանցից որևէ մեկը չի տեսել, չի լսել, և դրանով հետևություն անել, որ արևէ առնչություն չունեն տեսանյութում ներկայացված ռազմագերու հետ: Քննության շրջանակներում նրանք մեծ ռեսուրսներ են ծախսում, հարյուրավոր ծառայողների են հարցաքննում և այդ հարցաքննության արձանագրությունները ներկայացվում են Եվրոպական դատարանին իրենց իրականությունը հիմնավորելու համար», - նշեց Սահակյանը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ին Ադրբեջանը ներկայացնում է կեղծ տեղեկություններ, թե՝ օրինակ, ռազմագերիներն ամենօրյա ռեժիմով բուժզննություն են անցնում և այլն։ Ադրբեջանից ստացված տեղեկությունները վերլուծելով՝ Սահակյանը եզրահանգում է, որ Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի վճիռներ կկայացնի՝ արձանագրելով գերիների իրավունքների խախտումները, դա իր հերթին հնարավորություն կտա հերքել Ադրբեջանի պնդումները հայ ռազմագերիների՝ հանցագործ լինելու մասին, ինչը կարող է հանգեցնել նրանց ազատ արձակմանը։
«Կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ այդ կեղծ բժշկական տեղեկանքները, ցուցմունքները բացահայտվելու են դատարանի առջև ու դատարանը դրանք գնահատելու է ոչ արժանահավատ ու օգտագործելու է այլ ապացույցներ ռազմագերիների գերեվարումը հաստատելու նպատակով», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ մասնագետների, եվրոպական դատարանում այս քննությունը կարող է 5 և ավելի տարի ձգվել։