Մատչելիության հղումներ

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը. Փաշինյանն արձագանքում է ընդդիմությանը


Այսօր Ազգային ժողով-կառավարության հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ընդդիմության պահանջը՝ հայտարարելով. «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»:

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա: 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ: Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը», - ներկայացրեց Ռուստամյանը:

Արձագանքելով Ռուստամյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը:

«Ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական ու անընդունելի են մեզ համար: Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել պատերազմի մասին, ասելով՝ «այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը», - նշեց Փաշինյանը

Պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց, որ ինքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից դիմել է քաղաքացիներին և պատգամավորներին՝ նշելով պատերազմը կարող է կանգնեցնել, եթե համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղը լինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նման միավոր, այսինքն Ադրբեջանի կազմում. «Եթե այս տրամաբանությունը միացնենք Սերժ Սարգսյանի տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները»:

Ինչ վերաբերում է նշաձողեր իջեցնելու վերաբերյալ հայտարարությանը, Փաշինյանն ասաց. «Ուզում եմ արձանագրել, որ նաև ձեր իշխանությունը, դուք այն ժամանակ եղել եք կառավարության մաս, Հայաստանի հանրապետությունն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք, այդ պահից, դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

Արձագանքելով վարչապետին՝ Ռուստամյանը հայտարարեց. «Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով, կարող եք արդարացնել այն ձախողումները որ դուք եք բերել այս երկրի գլխին, սխալվում եք: 2018 թվականին մենք բանավեճ ենք ունեցել, ես հարցրել եմ՝ որ դառնաք վարչապետ, պարտավորվո՞ւմ եք իրականացնել այն, ինչ Արցախի ժողովուրդը իր սահմանադրության 175 հոդվածով նախատեսել է, դուք ասել եք , այո: Դրա մասին խոսեք, ինչո՞ւ չեք առաջնորդվել Ղարաբաղի կամքի իրականացման պատասխանատվության: Ի՞նչ կապ ունի, ով ինչ է ժամանակին արել, դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել, այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել»:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները կիրակի՝ մայիսի 1-ին հանրահավաք են հրավիրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG