Ադրբեջանի նախագահը կրկին ռազմաշունչ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին՝ հորդորելով հայկական կողմին ընդունել հետպատերազմական իրողությունները և ժամանակ չձգել սահմանազատման հարցում:
Նախօրեին, այցելելով Գյոյգյոլի, Քելբաջարի և Լաչինի շրջաններ, Իլհամ Ալիևը զորամաս է բացել Քելբաջարում, որը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Եթե Հայաստանը սահմաների որոշման հարցում կրկին դիմի իր մարտավարությանը, փորձելով ժամանակ ձգել, ապա արդյունքում դրա համար ինքը կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերին: Թող նրանք էլ իմանան: Այն սարի վրա իմ խոսքերն են գրված՝ երկաթե բռունցքը իր տեղում է և ոչ ոք թող չմոռանա այս մասին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Թեև միջազգային հանդիպումներում պաշտոնական Բաքուն պնդում է, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել ու հարաբերությունների նոր էջ բացել Հայաստանի հետ, սակայն, զինվորականներին ուղղված ելույթում Ադրբեջանի նախագահը երեկ կրկին ռազմական ներուժից է խոսել։ Ալիևը, մասնավորապես, ասել է, թե ադրբեջանական բանակը համալրվում է նոր ուժերով ու զինատեսակներով և էլ ավելի է ամրապնդելում սահմանները Հայաստանի հետ:
«Մենք պատերազմ չենք ուզում և երբեք էլ չենք ուզել: Բայց մենք ուզում ենք, որ մեր շահերը ապահովվեն: Ուզում ենք, որ բոլորը ընդունեն հետպատերազմական իրողությունները: Կարող եմ ասել, որ աշխարհի առաջատար ուժերն արդեն ընդունել են դրանք և ըստ այդմ են գործում: Հայաստանը ևս պետք է ընդունի իրականությունը: Պատերազմից ընդամենը 1.5 տարի է անցել, ոչ նրանք, որ էլ հաջորդ սերունդները թող չմոռանան պատերազմը», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը չի հստակեցրել՝ աշխարհի որ ուժերն են ընդունել Բաքվի պատկերացումները, ըստ որոնց ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, և հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը պետք է փոխադարձ հարաբերությունները կարգավորեն։
Հստակ է, որ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, պատերազմից հետո մի քանի անգամ ընդգծել են, որ հակամարտությունը կարգավորված չէ, և անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը։ Օրեր առաջ այս մասին, «Ազատությանը» տված հարցազրույցում, խոսել էր նաև Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, ընդգծելով, որ այդ դիրքորոշումը հայտնել է նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն է, որ վերջին ամիսներին՝ Ուկարինայի դեմ սկած պատերազմից հետո, հայտարարում է, թե Մինսկի խմբի ձևաչափը չի գործում։
Արտգործնախարար Լավրովը այս հարցում նախ Արևմուտքին մեղադրեց, անցած շաբաթ էլԲաքվում կրկնեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը, թե վերջին պատերազմից հետո միջնորդների առաջարկներն այլևս արդիական չեն, և ի հայտ են եկել նոր իրողություններ։
«Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է»։
Հայաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, օրերս հիշեցրել էր, որ ապրիլին Ռուսաստանի նախագահը՝ Հայաստանի վարչապետի հետ, իր ստորագրությունն է դրել հայտարարության տակ, որն ընդգծում է «հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը»։
Այդ հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը նաև հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։