«Աշխարհն Ուկրաինայից է սովորում կռվելու և հաղթելու արվեստը»
Հունիսի 16-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի113-րդ օրը, ուշադրության կենտրոնում Սևերոդոնեցկն է, համառ մարտերը շարունակվում են, ռուսները պնդում են, թե մտել են «Ազովի» գործարանի տարածք, բայց և խոստովանում, որ այնտեղ պատսպարված ուկրաինացիները չեն հանձնվում:
Նրանց վիճակը, թերևս, օրհասական է, սակայն ուկրաինացի զինծառայողներն, առնվազն այս պահի դրությամբ մերժում են կյանքը փրկելու դիմաց զենքը վայր դնելու և ձեռքերը բարձրացրած՝ գործարանի տարածքից դուրս գալու ռուսների պահանջը:
Ռուսները մի քանի կողմից են պաշարել Սևերոդոնեցկը, և այն ամբողջությամբ գրավելը, ռազմական վերլուծաբանների համոզմամբ, սոսկ ժամանակի խնդիր է:
Որքան էլ խիզախ գործեն ուկրաինացիները, նրանց բանակի մարտունակության գրավականը զենքն է, որը պատերազմի պայմաններում շատ արագ է սպառվում: Այստեղ ռուսների առավելությունն ակնհայտ է։
«Մենք պաշտպանում ենք Դոնբասը, ինձ միջազգային բանակցություններում բոլորն են ասում, թր հիացած ենք Ուկրաինան պաշտպանող տղամարդկանց և կանանց հերոսությամբ: Աշխարհն Ուկրաինայից է սովորում կռվելու և հաղթելու արվեստը: Մեր բանակն ապացուցել է, որ խիզախությունը և խելացի գործողությունները միատեղելով՝ թշնամուն մարտավարական առումով կարելի է գերազանցել, չնայած Ռուսաստանի մարդուժի և տեխնիկայի առավելությանը: Ես ամեն օր եմ կռիվ տալիս Ուկրաինային զենք և տեխնիկա տրամադրելու համար»,- անցած գիշեր տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Մեկ միլիարդ դոլարի օգնություն ԱՄՆ-ից
Արևմուտքը տալիս է զենքը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաղորդել է ևս մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն Կիևին փոխանցելու մասին: Այդ փաթեթով ուկրաինացիները պետք է ստանան հականավային հրթիռային համակարգեր, հաուբիցների և հրետանային այլ համակարգերի ռազմամթերք: Բացի այդ, Կիևը Վաշինգտոնից 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կստանա:
Ուկրաինան ի զորու չէ ամբողջությամբ փակել օդը
Սակայն զենք հավաքելը դեռ հարցի մի կողմն է, ոչ պակաս բարդ է այն Ուկրաինա հասցնելը: Ռուսները պնդում են, թե հետևում են մատակարարումներին և հրթիռներով ոչնչացնում են Ուկրաինա ուղարկվող զինամթերքը:
Ուկրաինական կողմը չի կարողանում, ինչպես զինվորականների շրջանում են ասում՝ «փակել օդը»: Որքան հնարավոր է փակում են, բայց ամբողջությամբ դա անելու հնարավորություն չունեն, ինչն էլ լուրջ առավելություն է տալիս ռուսներին: Նրանք ամեն օր են զեկուցում օդային հարվածների մասին:
«Ռուսական ուժերը Խարկովի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինուժի ՍՈւ-25 տեսակի մեկ օդանավ, «Տոչկա-Ու» տեսակի հրթիռ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Նրա փոխանցմամբ, ոչնչացվել են պահեստներ, հրամանատարական կենտրոններ, սպանվել է մոտ 280 ուկրաինացի զինծառայող, որոնց Կոնաշենկովը «նացիոնալիստներ» է անվանել:
ՆԱՏՕ-ն քննարկում է նոր մատակարարման հարցը
Արևմուտքը շարունակում է Ուկրաինային օգնելու փորձերը: Բրյուսելում հարցը քննարկում են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները:
Կիևը ՆԱՏՕ-ին ու հատկապես Ֆրանսիային և Գերմանիային քննադատել է զենքի տրամադրման հարցում դանդաղկոտության համար: Մինչդեռ, Գերմանիան խոստացել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք միավոր, ներառյալ հրթիռները, պահեստամասերը և վարժանքը:
«Վարժանքը կմեկնարկի հունիսի վերջին, ուրեմն մատակարարումը կլինի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Ուկրաինան տեսնում է, որ մենք իր հետ ենք ոչ միայն Եվրամիթյունում, այլև ՆԱՏՕ-ում»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստտինե Լաբրեխտը:
«Իրպինը հերոսական քաղաք է»
Եվրոպան նաև քաղաքական-դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում: Այսօր Ուկրաինայում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: Կիևում է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկու ամիս առաջ էր Կիևում: Մայրցամաքային Եվրոպայի երեք առավել հզոր երկրների ղեկավարների այցն, իհարկե, նաև խորհրդանշական կարևորություն ունի:
Եռյակն այցելել է Իրպին, որն ուկրաինացիների համառ դիմադրության և ռուսական բանակի պատերազմական հանցագործությունների վկայության ավանն է դարձել:
«Երեբ տեսնում ես այս ավերածությունները, հասկանում ես, որ սա հերոսական քաղաք է, այստեղ են ուկրաինացիները կանգնեցրել ռուսական բանակը, որը շարժվում էր դեպի Կիև, հարկ է արժանին մատուցել այս բանակին և ամբողջ Ուկրաինայի ժողովրդին»,- ասել է Մակրոնը:
Կրեմլը եվրոպացիներին կոչ է անում դրդել Կիևին «իրատեսորեն գնահատել վիճակը»
Կրեմլը հուսով է, որ եվրոպացի լիդերներն այս այցի ընթացքում կքննարկեն ոչ միայն զենքի մատակարարման հարցեր: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի համոզմամբ, Ուկրաինային նոր զենք տալու հանգամանքը բացարձակ անիմաստ է:
«Զենքի փոխանցումը միայն կերկարաձգի մարդկանց տառապանքը և նոր ավերներ կբերի երկրին, դրա փոխարեն, հուսով ենք, որ այդ լիդերները նախագահ Զելենսկուն կդրդեն իրատեսորեն գնահատել ներկայիս վիճակը»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
«Ռուսների գործելակերպը՝ հարձակվել, ոչնչացնել, գրավել»
Մինչդեռ, այդ «ներկայիս վիճակը», որը սեփական աչքերով տեսել են եվրոպացիները՝ հիրավի ճնշող տպավորություն է թողել: Ահա Գերմանիայի կառավարության ղեկավարի գնահատականը:
«Այս ավերները սարսափելի են, ինչ սարսափելի տառապանքներ են կրում մարդիկ այս անիմաստ պատերազմում: Անմեղ մարդիկ են թիրախավորվում: Մի ամբողջ քաղաք է ոչնչացվել, քաղաք, որտեղ ռազմական ենթակառուցվածք չի եղել: Սա ռուսական ագրեսիայի դաժանության ապացույցն է, հարձակվել, ոչնչացնել և գրավել, սա է նրանց գործելակերպը»,- ասել է կանցլերը Իրպինում:
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի ղեկավարներ Օլաֆ Շոլցը, Մարիո Դրագին, Էմանյուել Մակրոնը և Կլաուս Յոհաննեսը Կիևում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ և նոր օգնություն են խոստացել: