Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը դուրս են մղվել Սևերոդոնեցկի կենտրոնից


Սևերոդոնեցկում ռուսական ստորաբաժանումները, անցնելով նոր գրոհների, քաղաքի կենտրոնից դուրս են մղել ուկրաինական ուժերին։ Սա հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը` նշելով ռուսական կողմի հրետանու դերակատարությունը։

«Սևերոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը հրետանու աջակցությամբ հարձակում է իրականացրել` հասնելով մասնակի հաջողության՝ մեր զորամիավորումներին դուրս մղելով քաղաքի կենտրոնից։ Մարտերը շարունակվում են»,- այսօր ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շտուպունը, նշելով, որ հակառակորդը ուժերը կենտրոնացրել է Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում ուկրաինական ստորաբաժանումները շրջափակելու գործողությունների վրա, արգելափակելով նաև Բախմուտի թիկունքային մատակարարման ուղիները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա տեսաելույթում ասել է, որ Սևերոդոնեցկի պաշտպանները անձնազոհ պայքար են մղում քաղաքի յուրաքանչյուր մետրի համար։

«Զավթիչների առանցքային մարտավարական նպատակը չի փոխվել։ Նրանք շարունակում են հարձակումը Սևերոդոնեցկում, որտեղ փողոցային կատաղի մարտեր են ընթանում բառացիորեն յուրաքանչյուր մետրի համար»,- ասել է նա։

Զելենսկին նաև հայտնել է, որ ռուսական ուժերը կործանել են Սևերոդոնեցկը հարևան Լիսիչանսկին կապող կամուրջը, որի հետևանքով խիստ բարդացել է խաղաղ բնակիչների տարհանումը։

Լուգանսկի մարզային ղեկավար Սերգեյ Գայդայը ևս, անդրադառնալով Սևերոդոնեցկի բնակիչների տարհանման խնդիրներին, ասել է, որ ռուսական ուժերի կողմից մշտական հրետակոծությունների պատճառով հնարավոր չէ դուրս բերել քաղաքում մնացած մարդկանց։ Նրա խոսքով` մոտավորապես 500 մարդ, այդ թվում 40 երեխա պատսպարվել են քիմիական Ազոտ գործարանի տարածքում։

Կիևը կրկին արդիական սպառազինություններ է խնդրում Արևմուտքից

Կիևը կրկին արդիական սպառազինություններ է խնդրում Արևմուտքից ռուսական ագրեսիային դիմակայելու նպատակով։ Նույն տեսուղերձում նախագահ Զելնսկին հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր է խնդրել, իսկ նրա խորհրդական Միխայիլ Պոդոլյանը թվիթերյան գրառմամբ Ուկրաինային անհրաժեշտ զենքի քանակներ է նշել՝ 155 մմ կալիբրի հազար հաուբից, համազարկային կրակի 300 ռեակտիվ համակարգ, 500 տանկ, 2000 զրահամեքենա և հազար դրոն: Նա նշել է, որ համապատասխան որոշում ընդունելու համար Ուկրաինան մեծ հույսեր է կապում շփման խմբի պաշտպանության նախարանների հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ։

Բրիտանական ռազմական հետախուզությունը Դոնբասում պատերազմի ելքի որոշիչ գործոնը կապում է Սեվերսկի Դոնեց գետը ռուսական ուժերին անցնելու հավանականության հետ։ Այսօրվա ամփոփագրում նշված է, որ ռազմաճակատի կենտրոնական և առանցքային հատվածում ռուսական ուժերը 90 կիլոմետր երկայնքով տեղաբաշխված են այդ գետի արևմտայն ափին։ Այդ իրավիճակում հաջողության հասնելու համար ռուսները կա՛մ պետք է գետնանցում կատարելու որոշում ընդունեն, կա՛մ փորձեն թևային հավակնոտ մանովրներ իրականացնել, կարծում են բրիտանացիները։

Սեվերսկի Դոնեց գետի հանդիպակած ափերին են ընկած Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը, Լուգանսկի մարզի վերջին բնակավայրերը, որտեղ ուկրաինական ուժեր կան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ անցած օրվա ընթացքում ոչնչացրել են ԱՄՆ-ից և Եվրոպայից Ուկրաինային տրամադրած զենքի մեծ խմբաքանակ։

«Օդային բազավորման գերճշգրիտ հրթիռներով Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ուդաչնոե երկաթուղային կայարանի շրջանում ոչնչացվել են ուկրինական ազգայնականների համար բերված մեծ քանակի սպառազինություններ և ռազմական տեխնիկա, այդ թվում` ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Բացի դրանից, Լուգանսկում ոչնչացվել է արտասահմանցի վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ Ֆյոդորիվկա ավանի մոտ», - ասել է ՊՆ խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը ամենօրյա հաղորդագրությունում:

Սեփական կորուստների մասին Ռուսաստանը պաշտոնապես միայն երկու անգամ է թիվ հրապարակել, վերջին անգամ, անցած մարտին հայտարարվեց 1351 ռուսաստանցի զինծառայողի զոհվելու մասին, որից հետո մինչ հիմա զոհվածների քանակի մասին Մոսկվան պաշտոնապես չի հաղորդում։

Ռուսական կողմի զոհերի թիվը հունիսին կարող է անցնել 40 հազարի սահմանագիծը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա տեսաելույթում նաև ասել է, որ ռուսական կողմի զոհերի թիվը հունիսին կարող է անցնել 40 հազարի սահմանագիծը։

Բրիտանիայի ռազմական հետախուզության գնահատմամբ` ռուսական բանակն Ուկրաինայում մայիսի վերջի դրությամբ մոտավորապես 15 հազար զինվոր է կորցրել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով` պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակը կորցրել է ավեի քան 1400 տանկ, գրեթե 3,5 հազար զրահամեքենա, ավելի քան 700 հրետանային համակարգ և 700-ից ավելի անօդաչու թռչող սարք։

Նշենք, որ պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալներն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG