Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պնդել է, որ իր երկիրն անպայման կհաղթի արդեն մոտ չորս ամիս տևող պատերազմում, որը Ռուսաստանն է սկսել:
Այս օրերին ռազմաճակատում առանցքային զարգացումները Սևերոդոնեցկի շրջանում են, որտեղ ծանրագույն մարտերում հիմնական զինատեսակը հրետանին է դարձել: Ռուսները փորձում են ամեն կերպ տիրանալ Սևերոդոնեցկին, որը վերածվել է ավերակների:
Դոնեցկի և Լիսիչանսկի գրավումը ռուսներին կընձեռի ամբողջ Դոնբասի վրա հսկողություն սահմանելու հնարավորություն:
Զելենսկին խոսել է նաև պարենի համաշխարհային ճգնաժամի մասին: Նա նշել է, որ Ռուսաստանն արգելափակել է Սև ծովի և Ազովի ծովի նավահանգիստները, և դրա հետևանքով Ուկրաինան չի կարողանում արտահանել հացահատիկ ու կենսական նշանակության այլ արտադրանք, որի կարիքն ունեն մեծ թվով երկրներ:
«Պարենի պակասը քաոս է առաջացնելու, սովը սպառնալու է Ասիայի և Աֆրիկայի երկրներից շատերին, տեսեք, թե ինչպես են այսօր շեշտակի աճում գները, և սա Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետևանքն է»,- ասել է Զելենսկին:
ՄԱԿ-ի վերլուծաբանների կարծիքով, եթե չվերականգնվի հացահատիկի, եգիպտացորենի, բուսական յուղի և պարարտանյութերի համաշխարհային մատակարարումը, որը խափանվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ մոլորակի 11-ից 19 միլիոն բնակիչներ կդատապարտվեն սովամահության: