Մատչելիության հղումներ

Պուտինը սպառնում է Ուկրաինայում «հարվածել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:

«Ռոսիա1»-ին տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին հեռուստաալիքը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ այսօր կցուցադրվի:

Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:

Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:

Պուտինը չի հստակեցրել, թե Ուկրաինայում որ թիրախներին կարող է հարվածել ռուսական կողմը: Նրա խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել HIMARS տեսակի (High Mobility Artillery Rocket System) բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդգծելով, որ Ուկրաինան այդ զենքով չպետք է հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին:

Դրանց հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է, սակայն որոշ փոփոխությունների և համապատասխան զինամթերքի կիրառման դեպքում հեռահարությունը հնարավոր է հասցնել 300-500 կիլոմետրի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ եթե այդ զենքով թիրախավորվի Ռուսաստանի Դաշնության տարածքը, ապա ռուսական բանակը «հարվածներ կհասցնի որոշումների ընդունման կենտրոններին», որոնց թվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Իր Տելեգրամ ալիքում Մեդվեդևն ավելի կոշտ հայտարարություն է արել, նշելով, որ «այդ [որոշումների ընդունման] կենտրոնները գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս», այդպես անկարկելով, որ Մոսկվան կարող է հարվածել խնդրի մեջ ներքաշվող որևէ երրորդ երկրի:

XS
SM
MD
LG