Մատչելիության հղումներ

Սևերոդոնեցկում «թեժ մարտերը շարունակվում են». Կիևը սպառազինության նոր խմբաքանակ է պահանջում


Ռուսական ուժերը թիրախավորել են «Ազոտ» քիմիական գործարանը. Գայդայ

Սևերոդոնեցկ քաղաքում, որի մեծ մասն անցել է Մոսկվայի վերահսկողության տակ, թեժ մարտերը շարունակվում են։ Ռուսական ուժերը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Լուգանսկի շրջանում գտնվող այդ քաղաքի կենտրոնում`մինչ այդ ոչնչացնելով Սևերոդոնեցկը մյուս շրջաններին կապող բոլոր կամուրջները։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։

Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, այսօր տելեգրամյան ալիքում նկարագրելով ռազմական իրավիճակը, նշել է, որ Սևերոդոնեցկին հարող Լիսիչանսկը, Վրուբովկան և Տոշկովկան դեռևս գրավված չեն, թեև դրությունը հետզհետե բարդանում է։

«Գնալով բարդանում է, բայց մեր զինվորականները թշնամուն զսպում են միանգամից երեք կողմից։ Պաշտպանում են Սևերոդոնեցկը և թույլ չեն տալիս առաջանալ դեպի Լիսիչանսկ։ Այդուհանդերձ, ռուսները մոտ են, ինչի պատճառով տուժում է բնակչությունը, ավերվում են տներ»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ ռուսական ուժերը թիրախավորել են «Ազոտ» քիմիական գործարանը, բարձրահարկ շենքեր ավերելով մոտենում են քիմիական հսկային։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սևերոդոնեցկում դեռևս մոտ տասներկու հազար խաղաղ բնակիչ կա, ավելի քան հինգ հարյուրը պատսպարվել են «Ազոտ» քիմիական գործարանում, որը բուն քաղաքի ամբողջական գրավման համար ռուսական ուժերի թերևս վերջին պատնեշն է։ Անցած օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Ազոտում» գտնվող ուկրաինացիներին հորդորել է դադարեցնել «անիմաստ դիմադրությունը և վայր դնել զենքերը»՝ խոստանալով ապահովել տարհանումը հումանիտար միջանցքով դեպի օկուպացված շրջաններ։

Ռուսական կողմը վերջնաժամկետ էր սահմանել այսօր։ Մինչ այս պահը, սակայն, հայտնի չէ՝ պատրաստվո՞ւմ է ուկրաինական կողմը հանձնվել ռուսներին և լքել քաղաքը։ Կիևը պահանջում էր, որ տարհանված անձինք տեղափոխվեն իր վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ։ Ռուսամետ անջատականները հայտարարել են, որ այսօրվա ընթացքում շրջափակման մեջ հայտնված գործարանի տարածքը լքել է ընդամենը մեկ անձ ՝ 74-ամյա տղամարդ։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ոստիկանապետ Ալեքսանդր Նիկիշկինը։

Կիևը Արևմուտքից սպառազինության նոր խմբաքանակ է պահանջում

Ուկրաինայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը։ Փոխարենը՝ պաշտոնական Կիևը Արևմուտքից սպառազինության նոր խմբաքանակ է պահանջում․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չունի բավարար ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքերով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Կիևն Արևմուտքից ստացել է անհրաժեշտ սպառազինության ընդամենը տասը տոկոսը։

«Անկախ նրանից, թե որքան ջանքեր գործադրի Ուկրաինան, որքան էլ պրոֆեսիոնալ լինի մեր բանակը, առանց արևմտյան գործընկերների օգնության մենք չենք կարողանա հաղթել այս պատերազմում»,- ասել է Մալյարը՝ նշելով, որ ուկրաինական զորքը օրական օգտագործում է 5000-ից 6000 հրանոթ, մինչդեռ Ռուսաստանը՝ 10 անգամ ավելի շատ:

Պատերազմ Ուկրաինայում
Պատերազմ Ուկրաինայում

CNN-ի աղբյուրների համաձայն՝ այսօր Բրյուսելում, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, արևմտյան երկրները կհայտարարեն Ուկրաինաին ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Մոտ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստը վարում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Ուկրաինան ծայրահեղ վիճակում է, այդ իսկ պատճառով պահանջվում է հրատապ աջակցություն»

«Ուկրաինան ծայրահեղ վիճակում է, այդ իսկ պատճառով պահանջվում է հրատապ աջակցություն»,- այս մասին Բրյուսելում Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է կառույցի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին է խոստացել, որ դաշինքի անդամ երկրները կշարունակեն Ուկրաինային ծանր սպառազինություն և մեծ հեռահարության համակարգեր մատակարարել։

Պատերազմ Ուկրաինայում
Պատերազմ Ուկրաինայում

Ռազմական աջակցությանը զուգահեռ Արևմուտքից Ուկրաինային հորդորում են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնը, որի մի շարք հայտարարություններ վերջին շրջանում հարուցել են Կիևի դժգոհությունը, այսօր կրկին պնդել է՝ «ինչ-որ մի պահի» Ուկրաինայի նախագահն ու այդ երկրի այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն խաղաղության շուրջ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։ Ելիսեյան պալատի ղեկավարը այդ մասին խոսել է Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինվորականների հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ չի կարելի «ստորացնել» Ռուսաստանին։ Ֆրանսիացի նախագահն, ըստ էության, այսօր կրկնել է քննադատության տեղիք տված իր այդ միտքը և հայտարարել, որ Ռուսաստանը նույնպես եվրոպական մայրցամաքի մաս է կազմում՝ «եղել է, կա և մնալու է նույն տեղում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG