Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու է երկրի վերականգնման և եվրոպական ինտեգրման հարցերը:
«Ուրախ եմ վերադառնալ Կիև և նախագահ Զելենսկու հետ ամփոփել մեր համատեղ աշխատանքը [Ուկրաինայի] վերականգնման գործում, գնահատել առաջխաղացումը, որն Ուկրաինան արձանագրել է եվրոպական ինտեգրման ճանապարհին», - Թվիթերի էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը պետք է քննարկի Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկը:
Այդ հարցի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի հունիսի 23-ից 24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:
Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին հանձնարարականը, որը Եվրոպական հանձնաժողովը կարող է ներկայացնել Եվրամիության Խորհրդին՝ անդամակցության ճանապարհին սոսկ առաջին քայլն է:
Դրանից հետո թեկնածու երկիրը պետք է եվրոպացի բանագնացների հետ համաձայնեցնի պարտավորությունները, որոնք պետք է կատարի անդամակցելու համար:
Անդամակցումը կարող է տարիներ տևել: Ֆինլանդիան այդ ճանապարհն անցել է ընդամենը երեք տարում, իսկ Թուրքիան բանակցությունները սկսել է 2005 թվականին, բայց անդամակցության հեռանկար այսօր էլ չի ուրվագծվում: