Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խոստանում է վաղը Սևերոդոնեցկում մարդասիրական միջանցք բացել


«Ազոտի» տարածքում գտնվող ուկրաինացի զինվորականները պետք է վայր դնեն զենքերը, պնդում է ռուսական կողմը

Սևերոդոնեցկում ընթացող մարտերի ֆոնին Ռուսաստանի ՊՆ-ն խոստանում է վաղը՝ հունիսի 15-ին, մարդասիրական միջանցք բացել, որով քաղաքի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ «Ազոտ» գործարանի տարածքում պատսպարված քաղաքացիական անձինք հնարավորություն կստանան հեռանալ հարևան Լիսիչանսկ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության բարձաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Պաշտպանության Ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը՝ հավելելով, որ «Ազոտի» տարածքում գտնվող ուկրաինացի զինվորականները պետք է վայր դնեն զենքերը։

Գեներալի խոսքով` ռուսական կողմը պատրաստ է երաշխավորել նրանց անվտանգությունն, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթների կատարումը։

Telegram-ի պաշտոնական ալիքում հրապարակված հայտարարությամբ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ այս քայլին է դիմում Կիևի խնդրանքով։ Հարկ է, սակայն, նկատել, որ գոնե այս պահին դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մարդասիրական միջանցքը վաղը կգործի, թե ոչ։ Անորոշության գլխավոր պատճառը պատերազմող կողմերի միջև առկա հակասություններն են։ Ուկրաինական իշխանությունները պահանջում են, որպեսզի «Ազոտ» գործարանը լքելու հնարավորություն տրվի ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև այս պահին Սևերոդոնեցկը պաշտպանող բոլոր ստորաբաժանումների մարտիկներին։ Մոսկվայում, սակայ,ն այս տարբերակին կտրականապես դեմ են։

Սևերոդոնեցկում ստեղծված առանց այդ էլ ծանր իրավիճակն ուկրաինական կողմի համար օրհասական դարձավ այն բանից հետո, երբ պայթեցվեց քաղաքը հարևան Լիսիչանսկին կապող երեք կամուրջներից վերջինը։

«Այսպիսով ռուսական զորքերը կտրել են այն բոլոր ճանապարհները, որոնցով հնարավոր էր տարհանել քաղաքի բնակիչներին»,- Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքերն է այսօր մեջբերում Reuters գործակալությունը։

Բուն Սևերոդոնեցկում հակառակորդը շարունակում է գրոհել՝ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու նպատակով, ասում է ուկրաինական կողմը

Ուկրաինայի գլխավոր շտաբն իր գնահատականներում ավելի զգուշավոր է՝ նշելով միայն, որ ռուսական զորքերը առայժմ միայն փորձում են շրջապատել Սևերոդոնեցկի մոտ կուտակված ուկրաինական զորքերը՝ միաժամանակ արևելքից շարունակելով քաղաքի գրոհը։

«Դոնեցկի ուղղությամբ զավթիչները վերախմբավորում են ուժերը՝ փորձելով շրջապատել Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ բնակավայրերի շրջանում գտնվող մեր ուժերը։ Բուն Սևերոդոնեցկում հակառակորդը շարունակում է գրոհել՝ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու նպատակով», - հայտարարում է Ուկրաինայի ԳՇ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։

Մի շարք տեղեկություններից դատելով, մինչդեռ, Սևերոդոնեցկն արդեն իսկ շրջապատված է, և հաջորդը կարող է դառնալ Սեվերսկի Դոնեց գետի հակառակ ափին գտնվող Լիսիչանսկը։ Անդադար հրետակոծությունների ենթարկվող այդ քաղաքի գլխին կախված վտանգն է թերևս պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ ուկրաինական ոստիկանությունը փորձում է տարհանել Լիսիչանսկում մնացող խաղաղ բնակիչներին։

Ուկրաինական ուժերը Խարկովի ուղղությամբ ևս սկսել են նահանջել. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, ամփոփելով վերջին 24 ժամերին ռազմի դաշտում ծավալվող իրադարձությունները, տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերը Խարկովի ուղղությամբ ևս սկսել են նահանջել։ Խոսքը այն դիրքերի մասին է, որոնք ուկրաինացիներին հաջողվել էր հետ գրավել մայիսի կեսերին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիը անուղղակիորեն հաստատել էր Խարկովի ուղղությամբ նահանջի փաստը, նշելով, որ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը «կրկին հասանելի է ռուսական հրետանու հարվածների համար»։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` այս պահին ուկրաինական բանակի գլխավոր խնդիրը սպառազինության պակասն է։ Բրիտանական Independent-ը դեռ անցած շաբաթ էր հաղորդել, որ ռուսական հրետանու 20-ից 40 համազարկերին ուկրաինական կողմը շատ հաճախ ի վիճակի է լինում պատասխանել միայն մեկով։ Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են՝ Ուկրաինա արևմտյան սպառազինության առաքման դանդաղ տեմպերը և ռուսական կողմի ընտրած մարտավարությունը՝ նախ և առաջ հայտնաբերել և ոչնչացնել ուկրաինական զինապահեստները։ Նախորդ գիշերն այդ առումով ևս բացառություն չէր։

«Բարձր ճշգրտության «Կալիբր» հեռահար հրթիռներով Չերնիգովի մարզի Պրիլուկի բնակավայրի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հրետանային սպառազինության պահեստ է ոչնչացվել։ Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են ուկրաինական ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կուտակման 11 շրջաններ, նաև երկու զինապահեստ, մեկը՝ Խարկովի հարավային արվարձաններում, մյուսը` Լուգանսկի Գորսկոե բնակավայրի հարևանությամբ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ինչո՞ւ պատերազմից առաջ Ռուսաստանի դեմ չկիրառվեցին կանխարգելիչ պատժամիջոցներ. Զելենսկին` Արևմուտքին

Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր գերմականան ZDF հեռուստաընկերության հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանեց Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը, որի համաձայն Զելենսկին մինչև վերջին պահը չէր հավատում ռուսական հարձակման մասին արևմտյան մայրաքաղաքներից հնչող զգուշացումներին։

«Ես կարծում են, որ ուկրաինական կողմն է, որ պետք է հարցեր տա, և այդ հարցերի հասցեատերը պետք է լինեն թե՛ եվրոպական և թե՛ ամերիկյան առաջնորդները։ Ինչո՞ւ պատերազմից առաջ Ռուսաստանի դեմ չկիրառվեցին կանխարգելիչ պատժամիջոցներ, ինչո՞ւ չփակվեց Ուկրաինայի օդային տարածքը, ինչո՞ւ սպառազինության մատակարարումները սկիզբ առան ռազմական գործողությունների մեկնարկից հետո, այլ ոչ թե դրանից առաջ», - գերմանացի լրագրողի հարցին հարցերով էր պատասխանում Ուկրաինայի նախագահը։

Իր ամենօրյա գիշերային ուղերձում էլ Վլադիմիր Զելենսկին մեկ անգամ ևս նշեց՝ Դոնբասում ընթացող մարտերում ուկրաինական կողմը ծանր կորուստներ է կրում։

«Այս ճակատամարտում մենք շատ բարձր մարդկային գին ենք վճարում։ Այն պարզապես սարսափելի է», - նշեց Զելենսկին։

Կիևի տարածած պաշտոնական տեղեկությունների համաձայն` Դոնբասում ընթացող մարտերում երկրի ԶՈւ ամեն օր 100-ից 200 զոհ են տալիս, վիրավորների թիվը, որոշ տվյալների համաձայն, տատանվում է 500-ից 1000-ի միջակայքում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG