Մատչելիության հղումներ

Արվեստը հզոր զենք է, ասում է ուկրաինացի արվեստագետը


Ուկրաինա - Պատերազմի թեմաներով պաստառներ Լվովի փողոցներից մեկում, մարտ, 2022թ.
Ուկրաինա - Պատերազմի թեմաներով պաստառներ Լվովի փողոցներից մեկում, մարտ, 2022թ.

Արվեստագետ Վիտալի Ռուպելտը Լվովի իր փոքրիկ բնակարանում աշխատում է նոր վեպի ու դրա նկարազարդման վրա։ Արվեստը, ըստ Ռուպելտի, հզոր զենք է։ Նա շարունակում է 1952 թվականին մահացած Նիլ Խասևիչի՝ Ուկրաինայի ապստամբական բանակի իր սիրելի նկարչի և գրաֆիկական դիզայների ուղին։

«Պատմությունը կրկնվում է, 40-50-ականների ազատագրական պայքարը շարունակվում է։ Ես կարծես արթնացա Ուկրաինա ներխուժման երրորդ օրը, հիշեցի, թե ով եմ ես։ Սկսեցի կրկին խորհել ինքնության հարցերի շուրջ։ Արդյունքում ծնվեցին այս աշխատանքները», - պատմում է ուկրաինացի արվեստագետը։

Ռուպելտի՝ պատերազմական թեմայով պաստառները Լվովի քաղաքային արվեստի կենտրոնի տնօրեն Լյանա Միցկոյի օգնությամբ տպագրվում ու տարածվում են ամբողջ աշխարհով:

«Այս պաստառներն ուղարկվում են այլ քաղաքներ, հաճախ՝ մարդասիրական օգնության և բեռների հետ, երբեմն՝ լրագրողների հետ։ Մենք սովորաբար նրանց նմուշներ ենք տրամադրում: Սա ռեակցիոն արվեստ է», - ասում է Միցկոն։

Արվեստի կենտրոնի մի մասը դեռ վերանորոգման փուլում է, իսկ դրա մեծ մասը հատկացվել է ռազմական գործողություններից փախուստի դիմած երեխաներին և մեծահասակներին։

«Այս գեղեցիկ ստեղծագործությունները, որ պատրաստում են փոքրիկ երեխաները, չարիքի դեմ պայքարելու միջոց է, թերապիայի ձև։ Այն շատ ազդեցիկ է», - նկատում է արվեստի համադրող Վանեսա Բրենսոնը։

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի քույրը՝ Մարաքեշի բիենալեի հիմնադիր, բրիտանացի արվեստի համադրող Վանեսա Բրենսոնը Լվով է ժամանել Բուչա և Հոստոմել այցելելուց հետո։ Նա փորձում է այս պատերազական ավերակների մեջ նոր սկզբի ու ապագայի նշույլներ փնտրել։

«Ներխուժման գլխավոր թիրախում են թանգարաններն ու եկեղեցիները, ինչպես նաև բոլոր այն մշակութային օբյեկտները, որոնք ստիպում են ուկրաինացիներին զգալ իրենց ուկրաինական ինքնությունը, դրանք բոլորը ոչնչացվում են։ Մի կողմից՝ մենք գործ ունենք այդ կործանարար ուժի հետո, որը պարզապես ոչնչացնում է ամեն ինչ, իսկ մյուս կողմից՝ մարդկանց հետ, ովքեր ստեղծագործում և արարում են», - ասում է Բրենսոնը:

Կամավորներն ու նկարիչները ներկել են Լվովը խոցած ռուսական բանակի հրթիռների բեկորներն ու աճուրդի հանել։ Ստացված հասույթը կտրամադրվի ուկրաինական բանակին, ասում է աճուրդի կազմակերպիչ Տետյանա Տուրչինան։

«Չնայած պատերազմի առաջին օրերին և շաբաթներին նվիրատվություններն ավելի շատ էին, այսօր մենք պետք է ստեղծարար գտնվենք՝ ֆինանսական նոր հոսքեր ապահովելու համար: Մենք այժմ ցանկանում ենք Լվովի հովանավոր Սուրբ Գեորգիի պատկերը ռուսական հրթիռների մնացորդներից մեկի վրա նկարել», - ասում է Տուրչինան։

Թեև այս արվեստագետները ներկայացնում ու պահպանում են ուկրաինական մշակույթը իրենց ստեղծագործություններում, Ուկրաինայի մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ ռուսական զինուժը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան 30 թանգարաններ, արգելոցներ, 116 ճարտարապետական հուշարձաններ և ավելի քան 130 եկեղեցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG