Պատերազմի սկզբից ի վեր հարյուր օրվա ընթացքում Ռուսաստանը 98 միլիարդ դոլարի էներգակիրներ է վաճառել։ Հիմնական գնորդը Եվրամիության երկրներն են։ Սա է վկայում Էներգետիկայի և մաքուր մթնոլորտի (CREA) ուսումնասիրության կենտրոնի զեկույցը։
Ռուսական վառելիքի մատակարարումների 61 տոկոսը բաժին է հասել Եվրամիության անդամ երկրներին, որի դիմաց Ռուսաստանը ստացել է 60 միլիարդ դոլարի եկամուտ։ Եվրամիությունում ռուսական էներգակիրների հիմնական գնորդներից են Գերմանիան, որն ավելի քան 12 միլիարդ է վճարել, և Իտալիան՝ 7 միլիարդ դոլար։
Եվրոպայից դուրս ռուսական գազի և նավթի մեծ ծավալներ ներմուծող երկիրը Չինաստանն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Չինաստանը 12 միլիարդ 600 միլիոն դոլարի էներգակիրներ է գնել Ռուսաստանից։
CREA-ի զեկույցում նշված է, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը 15 տոկոսով նվազել է նախապատերազմական ժամանակաշրջանի համեմատ։ Սակայն վառելիքի պահանջարկի աճը Ռուսաստանին եկամուտ է բերել։ Ռուսական էներգակիրների արտահանման արժեքը 60 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատ։
Էներգակիրները Ռուսաստանի ռազմական հզորացման և Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու գլխավոր աղբյուրն է, նշված է զեկույցում։ CREA-ը մշակել է «Ռուսական էներգակիրների արտահանման ուղիներ» նախագիծը և հետևելով նավթատարների տեղաշարժերին ու խողովակաշարերի հոսքերին՝ փորձում է պարզել Ռուսաստանից արտահանվող էներգակիրների ծավալները և թե ինչպես են դրանք փոխվել Ուկրաինա ներխուժելուց հետո։
Հունիսի 3-ին Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որը հիմնականում վերաբերում է ռուսական էներգակիրներին։ Որոշում է ընդունվել կես տարվա ընթացքում հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից, իսկ 8 ամսվա ընթացքում՝ նավթամթերքներից։ Բացառություն է արվել նավթատարով հում նավթի ներկրումների համար, որից օգտվում են ռուսական նավթից ավելի մեծ կախվածություն ունեցող Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։
Եվրամիության առաջնորդները բազմիցս նշել են, որ հնարավոր չէ միանգամից հրաժարվել ռուսական էներգակիրներից, նոր աղբյուրների ու ճանապարհների համար տարիներ կպահանջվեն։ Բայց նրանք հաստատապես որոշել են աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական վառելիքից։ Եվրամիության մի շարք երկրներ արդեն գնացել են այդ քայլին, իսկ ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան են էմբարգո դրել ռուսական նավթի գնումների վրա։