Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը բախվում է նաև Արևմուտքից ստացվող զենքի տեխսպասարկման խնդրին


Ուկրաինական բանակի զինծառայողները հրթիռ են արձակում «Ջավելին»-ից, արխիվ
Ուկրաինական բանակի զինծառայողները հրթիռ են արձակում «Ջավելին»-ից, արխիվ

Ուկրաինական բանակը ռուսական հարձակումից բացի մեկ այլ խնդրի ևս բախվում է՝ Արևմուտքից ստացվող սպառազինության տեխնիկական սպասարկման բացակայությունը։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը, նշելով, որ հիմնական խնդիրները ծագում են ԱՄՆ արտադրության «Ջավելին» շարժական հակատանկային համակարգերի դեպքում։

Թերթի տեղեկություններով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Վաշինգտոնն Ուկրաինային շուրջ 5 հազար «Ջավելին» համակարգ է փոխանցել։ Ինչպես թերթին փոխանցել է Ուկրաինայում գտնվող ամերիկացի կամավորներից մեկը՝ նախկին կադրային զինվորական Մարկ Հեյվորդը, «Ջավելին»-ների հետ կապված խնդիրներից առանցքայինն այն է, որ այս զինատեսակն Ուկրաինա է առաքվում անգլերեն ուղեցույցով։

«258 էջանոց մանրամասն տեխնիկական ուղեցույցը միայն անգլերենով է, և ուկրաինացիները շատ հաճախ այն ստիպված են լինում Google Translate ծրագրի միջոցով թարգմանել։ Որպես հետևանք՝ զենքը գործի դնել պարզապես չի հաջողվում», - նշում է պաշտոնաթող զինվորականը։

The Washington Post-ի տեղեկություններով` Ուկրաինա մատակարարված «Ջավելին»-ների մյուս խնդիրը մարտկոցներն են։ Մարկ Հեյվորդի խոսքով՝ դրանք լիովին լիցքավորված վիճակում ընդամենը չորս ժամ են դիմանում, ակտիվ գործածման դեպքում՝ ավելի քիչ։

«Խնդիրը, սակայն, այն է, որ Պենտագոնը հակատանկային այս համակարգերն Ուկրաինա է մատակարարել առանց պահեստային մարտկոցների», - գրում է The Washington Post-ը՝ նշելով, որ երբեմն ուկրաինական ստորաբաժանումների մարտիկները ստիպված են լինում, ասենք, մոտոցիկլետի մարտկոցներ օգտագործել՝ դրանք «Ջավելին»-ներին փակցնելով կպչուն ժապավենով։ «Առանց մարտկոցների «Ջավելին»-ը վերածվում է 23 կիլոգրամանոց քարի կտորի», - արձանագրում է The Washington Post-ը։

Այս ամենը, ըստ Ուկրաինայում գտնվող ամերիկացի պաշտոնաթող զինվորականների, երբեմն հանգեցնում է զավեշտալի պատմությունների։ «Չաշխատող «Ջավելին»-ով առաջնագծում գտնվող ուկրաինացի զինվորականը տեխնիկական խորհրդի համար ինձ էր զանգահարել բջջային հեռախոսով` փոքրիկ բլրի ետևում ռուսական տանկի կրակից պատսպարված», - The Washington Post-ի լրագրողին պատմել է Մարկ Հեյվորդը, խոստովանելով, որ իրեն այդպես էլ չի հաջողվել հեռախոսով շտկել ծագած անսարքությունը, իսկ ուկրաինացի զինվորականի հետագա ճակատագիրն իրեն անհայտ է։

1996 թվականից ամերիկյան բանակի զինանոցում գտնվող «Ջավելին»-ները շարժական զինատեսակներից ամենաբարդն են համարվում գործածության համար։ Մեկ նման հակատանկային կայանքի գինը 178 հազար ամերիկյան դոլար է, յուրաքանչյուր հրթիռինը՝ 78 հազար։

XS
SM
MD
LG