Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն միմյանց են մեղադրում կարգավորման գործընթացի ձգձգման համար


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Ղարաբաղի կարգավիճակը կարգավորման օրակարգում ներառելու Երևանի առաջարկը Բաքուն դեռ չի ընդունել

Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, այսօր Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ակնարկել է, թե վաղ է հարցը վերջնականապես փակված համարել։

«Մենք հրապարակել ենք խաղաղության գործընթացի մեր տեսլականը։ Ասել ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված դրույթներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ դրույթները չեն ներառում ակնկալվող խաղաղության համաձայնագրում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Մեզ համար առանցքային է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաև, համապատասխանաբար, Ղարաբաղի կարգավիճակը», - հայտարարել է Միրզոյանը՝ շարունակելով. - «Մենք նաև կարծում ենք, որ կարևոր է խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և համանախագահության մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»։

Թե ում կողմից են գործադրվում ջանքերը, և կա արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց՝ Արարատ Միրզոյանը չի հստակեցրել։ Խոսելով Եվրամիության մայրաքաղաքում՝ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է՝ Երևանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց դրա համար նաև մյուս կողմի համաձայնությունն է պետք. - «Ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և հանձնառությունը՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերի հավանությունն է անհրաժեշտ»:

Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց այստեղ՝ Բրյուսելում, Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։ Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին նաև մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցով։ Ապրիլն ավարտվել է, հայտնի է, որ կողմերը համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը, սակայն կազմն ու օրակարգը մինչ օրս չեն հրապարակել՝ անհայտ պատճառներով։ Ավելին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ «Ինչո՞ւ, ի՞նչն է խոչընդոտում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ», - «Ազատության» հարցին արտգործնախարարն արձագանքել է՝ կան անհամաձայնություններ, բայց թե ինչի շուրջ՝ չի հստակեցրել։

«Դուք ճիշտ եք, այդ հանդիպումը չկայացավ, բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք շարունակում ենք քննարկումները այդ հանդիպումները կազմակերպելու շուրջ։ Որոշ տեխնիկական դետալներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև, և հույս ունենք, որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ հանդիպումը վերջապես կլինի», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Եվրամիությունը պատրաստ է հնարավորն անել, որպեսզի կողմերն ընդհանուր հայտարարի գան

Միրզոյանը Բրյուսելում էր՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին, որը եվրոպական կողմից նախագահում էր կառույցի արտգործնախարար Ջոզեպ Բորելը։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ևս փաստեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են համաձայնությունից, սակայն Եվրամիությունը պատրաստ է հնարավորն անել, որպեսզի կողմերն ընդհանուր հայտարարի գան։

«Շատ գոհ կլինեինք, եթե խաղաղության այդ համաձայնությունը ձեռք բերվեր, մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, որպեսզի նրանք իսկապես ամենաանկեղծ ցանկությամբ մոտենան այդ հարցին։ Մենք դրանից շատ հեռու ենք դեռ, բայց եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը կտրամադրի ցանկացած աջակցություն, որ մենք կարող ենք՝ համաձայնագրի կիրարկմանն աջակցելու համար», - հայտարարել է Բորելը:

Բաքուն էլ Երևանից է դժգոհում

Նույն այդ ժամանակ, երբ Միրզոյանը հանդիպումներ էր անցկացնում Բրյուսելում՝ դժգոհելով, թե Բաքուն երկրորդ ամիսն է՝ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին, Ադրբեջանի նախագահը Հայաստանին էր մեղադրում անպատասխանատու վերաբերմունքի համար։
Բաքվում ընդունելով Եվրամիության անդամ Լիտվայի նախագահին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը երկու անգամ չեղարկել է համաձայնեցված հանդիպումները սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցով։

«Հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել էր այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը։ Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է, որ Հայաստանը մերժեց նաև մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկը», - պնդել էր Ադրբեջանի առաջնորդը։

Պաշտոնական Երևանը հերքում է Ադրբեջանի նախագահի մեղադրանքները։ Արտգործնախարարության խոսնակը այսօր հայտարարել է, թե հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

«Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար», - հայտարարել է արտգործնախարարության մամուլի քարտուղարը:

Ադրբեջանի նախագահը ևս երեկ հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է հանդիպման․ չնայած երկու կողմերից հնչող այս պատրաստակամությանը՝ առայժմ հանդիպման ժամկետների մասին որևէ հստակություն չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG