Մատչելիության հղումներ

Բադալյանը չի կարծում, թե սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկով այս պահին բովանդակային պայմանավորվածություններ ձեռք բերվեն


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը դեռ չի նշանակում, թե այս պահին հավանական է բովանդակային պայմանավորվածությունների ձեռքբերումը, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Որովհետև էնտեղ, բնականաբար, առանցքային են ոչ միայն կողմերի դիրքորշումները, որոնք առանց այդ էլ զգալիորեն տարբերվում են, այլ նաև ուղղակի թե անուղղակի միջնորդ շահեր, հետաքրքրություններ ունեցող խոշոր խաղացողների, ես այստեղ նվազագույնը նկատի ունեմ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրներ, Եվրամիությունն ենք տեսնում, որ աշխատում է իր միջնորդական դերակատարությունն արձանագրել։ Մենք էստեղ ևս ունենք մոտեցումների էական տարբերություն, և սա բավական զգալի և ազդեցիկ գործոն է ընդանուր իրավիճակի և պրոցեսի վրա, բնականաբար, նաև սահմանազատման և սահմանագծման հարցերի», - ասաց Բադալյանը։

Երեկ Դուշանբեում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, մինչ այդ էլ Միրզոյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը։

«Մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսկել սահմանազատման գործընթացը», - երեկ Դուշանբեում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Հայաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է՝ վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ են ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի ուղղությամբ։ «Կարծում եմ, որ լավ զարգացումներ, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով», - նշել է Բայրամովը։

Անցած ամիս Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Նախարար Արարատ Միրզոյանը երեկ կայացած հանդիպմանը շեշտել է՝ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։

«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի ուղղությամբ․ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, հարաբերությունների հաստատման ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման ուղղութամբ, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և այլ խնդիրների, որոնք մնում են չլուծված»,-հայտարարել է Հայաստանի դիվանագիտության ղեկավարը:

Հայստանի արտգործանախարարության հաղորդմամբ, Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG