Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն այսօր հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել, հաղորդում է կառավարությունը:
Հայ և ռուս պաշտոնյաներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Փաշինյանի-Պուտինի-Ալիևի` հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հայկական կողմը շահագրգռված է այդ աշխատանքների իրականացմամբ. «Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով»:
Ըստ Ալեքսեյ Օվերչուկի` Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատումը կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Նրա խոսքով` արդյունքում նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը:
Օվերչուկը նաև հայտնել է, որ ամբողջությամբ հանվում են կորոնավիրուսային սահմանափակումները. «Մայիսի 16-ից բոլորը կհանվեն, և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են», - ասել է նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր Դուշանբեում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը Մոսկվայում:
«Կարծեմ` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն»,- ասել է Միրզոյանը: