Մատչելիության հղումներ

Միրզոյանը, Բայրամովն ու Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների պայմանագրին առնչվող և այլ հարցեր


Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու, այս մասին ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Դուշանբեում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը։

Նախարար Լավրովի խոսքով` Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության մեծացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմամբ։ «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առաջ ընթանալ այն ճանապարհով, որը նախանշել են մեր ղեկավարները»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։

«Գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են: Կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ իրականացնելու համար», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ են ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի ուղղությամբ։

«Կարծում եմ, որ լավ զարգացումներ, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով, նաև կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսել այս գործընթացը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նախարար Արարատ Միրզոյանը հանդիպման մեկնարկին շեշտել է՝ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։

«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի ուղղությամբ․ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, հարաբերությունների հաստատման ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման ուղղութամբ, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և այլ խնդիրների, որոնք մնում են չլուծված»,- հայտարարել է Հայաստանի դիվանագիտության ղեկավարը:

Արդեն հանդիպման ավարտից հետո Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

XS
SM
MD
LG