Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի` Բաքվի կողմից ստեղծվող տպավորությունը, թե սեղանին միայն իրենց առաջարկներն են լինելու, հակասում է պայմանավորվածությանը


Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խաղաղության բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները, սակայն դա հակասում է ձեռք բերված պայմանավորվածությանը, այսօր երեկոյան Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպման ընթացքում ինքն Ալիևին հայտնել է, որ Բաքվի 5 առաջարկները Երևանի համար ընդունելի են, սակայն չեն ներառում բոլոր կարևոր հարցերը. «Դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր ասել, թե Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:

Ըստ Փաշինյանի` Ալիևը խոստացել է գերիների հերթական խմբին ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել

Նիդերլանդներում այս հանդիպման ընթացքում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից այլ մանրամասներ ևս գաղտնազերծեց։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:

Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականպատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:

Փաշինյանը նաև պատասխանեց Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին հարցին և վստահեցրեց, որ ՀԱՊԿ անդամների շրջանում կա ըմբռնում, որ Ուկրաինայի շուրջ ծավալվող իարդարձությունները կազմակերպության օրակագրի հարց չեն, և սա նաև Ռուսաստանի դիրքորոշումն է։

XS
SM
MD
LG