Մատչելիության հղումներ

Բայրամով․ Սահմանազատման համատեղ հանձնաժողովի կազմը համաձայնեցված է


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։

«Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում մենք ներկայացրել ենք մեր առաջարկները հանձնաժողովի կազմի վերաբերյալ», - երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Բայրամովը։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։

«Հաշվի առնելով հարևան այլ երկրների հետ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն էր, որ հանձնաժողովը կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարող անձը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։

Բայրամովի խոսքերով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ։

«Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին նիստը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք նիստին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG