Մատչելիության հղումներ

Ապրիլի վերջին օրն է, բայց սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման մասին լուր չկա 


Չնայած ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեցին մինչև այս ամսվա վերջ ստեղծել սահմանազատման համատեղ հանձնաժողով, բայց այսօր ապրիլի վերջին օրն է, և հանձնաժողովի ստեղծման մասին դեռ որևէ հայտարարություն, տեղեկություն չկա։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, որոնց Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել էին նախապատրաստել նաև խաղաղության ապագա պայմանագիրը, և որոնք նախորդ շաբաթներին երկու հեռախոսազրույց ունեցան, առայժմ հայտարարել են սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ համաձայնության հասնելու և առաջիկայում հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնելու մասին։ Հանձնաժողովի կազմի ու կառուցվածքի մասին տեղեկություն չկա։

Այսօր Երևանում՝ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ՝ մամուլի ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, դարձյալ, որևէ հստակություն չմտցրեց այս հարցերում։

«Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան», - նշել է Միրզոյանը:

Հայտնի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Դուշանբեում մայիսի 13-ին։

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին

Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը այսօր նույնպես խոսեց Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությունից ու տարածաշրջանի տարանցիկ ներուժից։

Դարչիաշվիլին երեք օր առաջ Բաքվում էր, և նրա հետ համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցներից «որոշ արդյունքներ կան»:

Այսօր ավելի վաղ Արարատ Միրզոյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահի երեկվա խոսքերին, թե սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականից և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-1920թթ. որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:

«Ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, ... և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- ըստ «Արմենպրեսի», ասել է Միրզոյանը։

Ապրիլի վերջին օրն է, բայց սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման մասին լուր չկա
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

XS
SM
MD
LG