Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի արձագանքում Բաքու ուղարկված 6 կետանոց պատասխանի շուրջ քննադատություններին


Պաշտոնական Երևանը արդեն երրորդ օրն է՝ լուռ է, չի արձագանքում Բաքու ուղարկված 6 կետանոց պատասխանի շուրջ բուռն քննադատություններին։

Մանիպուլյացիա, սեփական զգացմունքների արտահայտություն, ամեն ինչ, բացի կարևորից՝ ինչպե՞ս են տեսնում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը, ուրբաթ օրվանից Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները այսպես են բնութագրում Ադրբեջանի 5 սկզբունքներին հայկական 6 կետանոց արձագանքը։

Բաքուն մարտի կեսին հրապարակեց խաղաղության պայմանագրի բանակցություններում իր 5 պահանջները։ Առաջին իսկ կետով դրված էր միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։ Կար իրարից տարածքային պահանջներ չունենալու կետ, նաև՝ սահմանազատում իրականացնելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, կոմունիկացիաները բացելու մասին դրույթներ։

Երևանը նույն օրը հայտարարեց, թե պատասխանել է, բայց երկու ամիս չէին հստակեցնում, միայն ընդհանուր դրույթներով խոսելով՝ ի՞նչ են գրել ի պատասխան։

Եվ ահա վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը անցած ուրբաթ Հ1-ի եթերում ընթերցեց Հայաստանի 6 կետերը: Երևանը պատասխանել էր՝ Ադրբեջանից Հայաստանը տարածքային պահանջներ չունի։

Թվարկելով ամսաթվերը գրել էին՝ հայկական կողմը կարևոր է համարում պատերազմից հետո ընդունված եռակողմ երեք հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Այս ձևակերպմամբ էլ, բառացի պնդում էր Մարուքյանը, իրենք բարձրացրել են ռազմագերիների վերադարձի հարցը։ Պատրաստակամություն էին հայտնել հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

«Այստեղ է, որ ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը», - այսպես Մարուքյանը ենթադրաբար պատասխանում էր քննադատություններին, թե ինչո՞ւ իշխանությունները հստակ չեն ասում, որ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։

Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ եթե Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը Արցախի ապագա կարգավիճակի համար են շեշտում, ինչո՞ւ դա նույն կետով չեն արել, որտեղ խոսել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Արտգործնախարարության խոսնակը չի արձագանքում «Ազատության» զանգերին ու նամակներին, իսկ ժամանակին լրատվամիջոցների համար հասանելի նախկին ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը մի քանի օր է՝ հրաժարվում է արձագանքել հնչող քննադատություններին։ «Ազատությանը» այսօր էլ փոխանցեց՝ «առաջիկայում կխոսեն»։

«Երրորդ կետը, որը կարևոր է, որ հայկական ներքաղաքական կյանքում հիմա շահարկման առարկա է, որ նաև այս թեման բացվի, հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը: Կարգավիճակի հարցը բարձրացրե՞լ է հայկական կողմը, թե՞ չի բարձրացրել, բարձրացրել է», - ներկայացրել է Մարուքյանը:

Այս պնդումը չի կարելի անգամ դիտարկել որպես կարգավիճակի հարցը բանակցություններում ընդգրկելու առաջարկ, անմիջապես արձագանքեցին ընդդիմադիրները։

«Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի սկզբունքային լինելու մասին մի պնդում, որում որևէ բան ասված չէ, թե ինչպիսի կարգավիճակ կամ թե ապագայում այդ հարցի լուծման ինչպիսի մեխանիզմ է առաջարկում Հայաստանը», - Ֆեյսբուքում գրառում էր արել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ, այժմ՝ նրա ղեկավարած ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Իսկ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն ասաց՝ էլ ավելի են համոզվել՝ Փաշինյանի կառավարությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. «Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը և իր այդ հատուկ հանձնարարություններով սպասարկուն, կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում: Այսինքն այն մնացածը մանիպուլյացիա է»:

Թե ի վերջո ինչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները, առայժմ պարզ չէ։ Մինչ Բաքուն Հայաստանի վեց կետանոց պատասխանը առաջարկ չի համարում, Երևանը պնդում է՝ օրակարգում և՛ Երևանի, և՛ Բաքվի դրույթներն են լինելու։

Արդեն շաբաթներ շարունակ հայկական կողմը չի հրապարակում՝ ովքեր են ընդգրկված սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովում, չնայած Բաքվից պնդում են՝ համաձայնեցրել են կառուցվածքը։ Ըստ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, նույնիսկ այսօր և վաղը Մոսկվայում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ երկկողմ հանդիպում է անցկացվելու։ Բայց ոչ կազմը, ոչ քննարկվելիք հարցերի օրակարգը, ոչ էլ այն, թե արդյոք արդեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովն է աշխատանքները սկսում, պաշտոնապես չի հաղորդվում։

XS
SM
MD
LG