Մատչելիության հղումներ

Բելառուսի սահմաններին ստեղծված միգրացիոն ճգնաժամը «մարտահրավեր է ամբողջ Եվրամիությանը»


Միգրանտները Բելառուսի և Լեհաստանի սահմանին, նոյեմբեր, 2021թ․
Միգրանտները Բելառուսի և Լեհաստանի սահմանին, նոյեմբեր, 2021թ․

Բելառուսի սահմաններին արհեստականորեն ստեղծված միգրացիոն ճգնաժամը միայն Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի գործը չէ, որոնք Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ենթարկվել են ցինիկ հիբրիդային հարձակման, մարտահրավեր է նետվել ամբողջ Եվրամիությանը, և դրա պատասխանը կլինի հստակ ու համակարգված, այս մասին նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Իրավիճակը Բելառուսի հետ մեր սահմաններին՝ առանձնակի դաժանության հիբրիդային սպառնալիք է, որն ուղեկցվում է մարդկանց գործիք դարձնելու պետության գործողություններով՝ քաղաքական նպատակների հասնելու համար։ Սա Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի համար երկկողմանի խնդիր չէ։ Մարտահրավերը նետվել է ամբողջ Եվրոպական միությանը։ Այն նախաձեռնվել և կազմակերպվել է Լուկաշենկոյի ռեժիմի և նրան աջակցողների կողմից՝ մարդկանց սահմանով գայթակղելու, միգրանտների առևտրով զբաղվողների և հանցավոր ցանցերի հետ գործակցության ճանապարհով», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից հրահրված այդ հիբրիդային պատերազմն ուղղված է Բելառուսի ժողովրդավար հարևաններին ապակայունացնելուն, սակայն այդ ծավալուն շանտաժը ստացավ հակառակ արդյունքը։

«Նա միավորել է ամբողջ Եվրոպան, որն այժմ արագ գործում է ճգնաժամը կարգավորելու համար», - շեշտել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ դաշինքն աշխատում է միանգամից չորս ուղղություններով՝ հումանիտար օգնություն է տրամադրում միգրանտներին, դիվանագիտական շփումներ է հաստատում ներգաղթյալների երկրների հետ, պատժամիջոցներ է սահմանում բելառուսական եւ երրորդ երկրների ընկերությունների և այն անձանց դեմ, որոնք նպաստել են մարդկանց ապօրինի վաճառքին, ինչպես նաև ամրապնդում է Եվրամիության սահմանների պաշտպանությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը, որը նախ պետք է հաստատի Եվրամիության օրենսդիր մարմինը, ապա նաև Եվրամիության խորհուրդը։

Բրյուսելն արդեն մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատի նկատմամբ, որին դաշինքը չի ճանաչում որպես լեգիտիմ նախագահ և անվանում է ավտորիտար առաջնորդ։ Այժմ Եվրամիությունը ցանկանում է ֆինանսական վնաս հասցնել այն ընկերություններին, որոնք մասնակցել են ներգաղթյալների ապօրինի փոխադրմանը։

Փաստաթուղթը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել բոլոր տեսակի ցամաքային, օդային, ծովային տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Խոսքը մի շարք սահմանափակումների մասին է՝ ընդհուպ եվրոպական շուկայում դրանց գործունեության արգելքի, Եվրամիության տարածքով չվերթներ իրականացնելու իրավունքից զրկելու կամ Միության տարածքում տրանսպորտային ծառայությունների մատուցման արգելքի։ Առաջարկվում է նույնիսկ արգելել այդ ընկերություններին պատկանող փոխադրամիջոցների լիցքավորումը, կանգառը Եվրամիության տարածքում։ Անուններ Բրյուսելն առայժմ չի հրապարակել, հայտնի է միայն, որ Բելառուսի դեմ պատժամիջոցները ներառում են նաև «Բելավիա» պետական ավիաընկերության հետ լիզինգային պայմանագրերի խզումը, ինչը նշանակում է, որ երկիրը պետք է վերադարձնի ընկերության կողմից ներկայումս օգտագործվող օդանավերը կամ պատրաստվի դատական գործընթացի: Մինչ այդ, «Բելավիա»-ի համար Եվրամիության օդային տարածքն արդեն փակ է, Եվրամիությունը հունիսին նման արգելք էր սահմանել, երբ Լուկաշենկոյի ռեժիմը Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության ինքնաթիռին Բելառուսի տարածքում վայրէջք էր պարտադրել և ձերբակալել ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն:

Deutsche Welle-ի տվյալներով` հուլիսի սկզբից Մինսկում ընդհանուր առմամբ վայրէջք է կատարել ավելի քան 600 օդանավ Լիբանանից, Իրաքից, Սիրիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Թուրքիայից։ Այս թռիչքների մեծ մասն իրականացվել է Բելառուսի պետական ավիաընկերության կողմից։

Բրյուսելը վերջին շաբաթներին բանակցություններ է վարել մոտ մեկ տասնյակ այլ ավիաընկերությունների հետ, որոնք թռիչքներ են առաջարկում դեպի Մինսկ, այդ թվում՝ Fly Dubai-ը, Turkish Airlines-ը, Royal Air Maroc-ը, Air Arabiya-ն, Emirates-ը, Qatar Airways-ը, Oman Air-ը, Iraqi Airways-ը և Egypt Air-ը։

Անցած օրերին Turkish Airlines-ը հայտարարել է, որ դադարեցնում է Իրաքից, Սիրիայից կամ Եմենից դեպի Բելառուս ավիափոխադրումները։ Մյուս ավիաընկերությունների մեծ մասը կա'մ համաձայնել է դադարեցնել դեպի Մինսկ միակողմանի տոմսերի վաճառքը Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին, կա'մ չեղարկել իրենց բոլոր թռիչքները դեպի Բելառուս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG