Ռուսաստանը ներգրավված է և պատասխանատվություն է կրում Բելառուսի ու Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի համար, հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը:
The Sunday Telegraph-ում արած հրապարակման մեջ նա նշել է, որ
Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունն է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - պնդել է Թրասը` հավելելով, որ Բելառուսի ղեկավարը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է հուսահատ փախստականներին:
Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Լեհաստանի իշխանություններին ամրապնդել Բելառուսի հետ սահմանը։
Արևմտյան երկրները խստորեն դատապարտում են Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման: