Երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ռուսաստանը և արևմտյան երկրները մեկ-մեկու կշտամբել են Լեհաստանի և Բելառուսի սահմանին կուտակված փախստականների խնդրի քննարկման ընթացքում:
Արևմուտքի պնդմամբ, ի պատասխան պատժամիջոցների, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը միտումնավոր սրում է փախստականների ճգնաժամը, տարբեր երկրներից Բելառուս հասնող այդ մարդկանց ուղղորդում է դեպի Եվրամիության սահման, ինչի հետևանքով շուրջ երկու հազար փախստականներ, ներառյալ կանայք, տարեցներ և երեխաներ, այս ցուրտ օրերին հայտնվել են բաց երկնքի տակ:
Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ալբանիան ընդունել են համատեղ հայտարարություն, որն ընթերցել է ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
«Մենք դատապարտում ենք Բելառուսի կողմից քաղաքական նպատակներով փախստականների խնդիրը շահագործելու, այդ մարդկանց կյանքն ու բարեկեցությունը վտանգի ենթարկելու գործելակերպը», - ասվում է ուղերձում:
Յոթ երկրներն «անընդունելի» են որակել Բելառուսի իշխանության այդ մարտավարությունը, միջազգային համայնքին հորդորել են «խստորեն հակազդել դրան», համերաշխություն են հայտնել Լեհաստանին և նույն խնդրի առաջ կանգնած Լիտվային ու Լատվիային և ընդգծել, որ ամեն կերպ պաշտպանելու են Եվրամիության արտաքին սահմանները «բելառուսական իշխանության հիբրիդային գործողություններից»:
Յոթ երկրների հայտարարությունում չի հիշատակվում Բելառուսի թիվ մեկ դաշնակից Ռուսաստանը, որը կտրականապես հերքում է առնչությունը փախստականների ճգնաժամի հետ:
Այդուհանդերձ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Արևմուտքին է քննադատել, ասելով, թե այս ճգնաժամն առաջացել է հենց արևմտյան երկրների մեղքով:
«Անկեղծ ասած, երբեմն թվում է, թե էստոնացի, ֆրանսիացի և մյուս գործընկերներիս մոտ մազոխիստական հակումներ են, պարզապես ամոթ է արծարծել փախստականների հարցը, որն իսկական խայտառակություն է Եվրամիության համար», - ասել է Պոլյանսկին:
Արևմտյան երկրները Մինսկից պահանջում են փախստականներին օգնություն տրամադրել, իսկ փախստականների ենթադրյալ ծննդավայր համարվող պետություններին կոչ են բացատրական աշխատանք կատարել և իրենց քաղաքացիներին նախազգուշացնել «բելառուսական ծուղակն» ընկնելուց բխող վտանգների մասին:
Փախստականների մեծ մասը Մերձավոր Արևելքից, Աֆղանստանից և աֆրիկյան երկրներից է ժամանում Բելառուս և տարբեր ուղիներով հասնում է Եվրամիության սահմանի մոտ:
ՄԱԿ-ի փախստականների գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության թիմերը երեկ այցելել են վրանաշեն ավան, ծանոթացել են այդ դժբախտների կյանքի պայմաններին և օգնություն են փոխանցել:
Փախստականները գիշերները մնում են վրաններում, որոնք ջեռուցում են մոտակա անտառներից բերված փայտով:
Թե՛ գիշերվա և թե՛ ցերեկվա ժամերին նրանք մոտենում են սահմանին, փորձում են կտրել փշալարերը, հետ են մղվում, մի քանի կիլոմետր հեռանում, մեկ ուրիշ հատվածից են փորձում, նորից հետ են մղվում:
«Մնացեք Բելառուսում, այստեղ տեղ չկա», - գոռում են լեհ սահմանապահները: Այս դրամատիկ շաբաթների ընթացքում հաշված թվով փախստականներ կարողացել են սողոսկել Լեհաստան, որտեղ հայտնվել են ճամբարում և դեռ չգիտեն, թե ինչպես կլուծվի իրենց ճակատագիրը:
Լեհաստանը կտրականապես հրաժարվում է փախստականների առաջ բացել սահմանը, մինչդեռ, սահմանամերձ լեհական գյուղերում բարեգործական քրիստոնեական կազմակերպությունները սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ են հավաքում նրանց համար:
Լեհաստանի իշխանության փոխանցմամբ, ամիսներ տևող այս ճգնաժամի ընթացքում ցրտից և այլ հանգամանքներից մահացել է առնվազն 7 փախստական:
Ըստ Վարշավայի, փախստականները միջազգային իրավունքի տեսակետից գտնվում են Բելառուսի տարածքում, հետևաբար, նրանց հարցերով պետք է Մինսկը զբաղվի:
Լեհաստանը մի քանի անգամ Բելառուսին առաջարկել է մարդասիրական օգնություն փախստականների համար, սակայն Մինսկը մերժել է առաջարկները:
Փախստականների հարցում այսօր կա մի տեղաշարժ՝ «Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը ծանուցել է, որ այլևս Թուրքիայից Բելառուս չի փոխադրի Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին:
Բելառուսական ազգային փոխադրողը հայտնել է, որ նշված երկրների քաղաքացիների համար չվերթներն արգելելու պահանջը Թուրքիայի կառավարությունն է ներկայացրել: